Ի դեպ. ՀՀ վարչապետի ու ԱԽՔ-ի հայտարարությունների մասին (տեսանյութ)
ADTV
Ի դեպ, վերջին օրերին բուռն քննարկումների առարկա են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Հիշեցնեմ, վարչապետը Արմավիրում հայտարարեց, թե գիտենք, որ մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց ի վերջո եկեք արձանագրենք, որ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ապա հավելեց, որ Հայաստանի նկատմամբ պետք է կարողանալ ձևավորել բարենպաստ միջավայր, բայց տարածաշրջանն էլ պետք է փոխի իր դիտանկյունը ՀՀ-ի նկատմամբ: Իսկ ԱԽՔ-ն ասել էր, թե ճիշտ չէր լինի միանշանակ պնդել, թե Թուրքիայից ոչ մի սպառնալիք չի բխում, սակայն գործընթացները տարածաշրջանում այլ հնարավորություններ են բացում, եւ որ «մենք պետք է մի քանի ճշգրտումներ կատարենք մեր մոտեցումներում»: Այս հայտարարությունները դրական արձագանք գտան որոշ իշխանական պատգամավորների մոտ, նրանք երկրորդեցին, որ մեր անվտանգային մասշտաբները փոխվել են, և մենք դրանց դիմակայելու նոր բանաձևեր պետք է գտնենք՝ պետք է փոխենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը և օգնենք տարածաշրջանին փոխել դիտանկյունը մեր նկատմամբ։
Կարճ ասած՝ թշնամության այս թափանիվի հետ մի բան պետք է անել։ Սակայն այդ դիրքորոշումը, ինչպես ասում են, հանրային-քաղաքակաան լայն շրջանակների մոտ մեղմ ասած ոգեւորություն չառաջացրեց։ Ճիշտ հակառակը՝ համոզմունք կա, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են մտերմություն անել Թուրքիայի հետ հասարակության թիկունքում ու Հայաստանի շահերը շրջանցելով։ Փաստարկները շատ պարզ են ու վաղուց հայտնի։ Դեռ Հայաստանի անկախացման ժամանակներից Հայաստանն հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, մինդեռ Թուրքիան չի թաքցրել, որ գոյություն ունեն նախապայմաններ, այն է՝ ղարաբաղյան հակամարտության ադրբեջանանպաստ լուծում, Հայաստանի կողմից Թուրքիայի դե ֆակտո սահմանների ճանաչում եւ հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Սա է այն գինը, որ պահանջվում է Հայաստանից, իշխանության խոսքերով ասած՝ «տեսանկյունը փոխելու համար»։
Արդյո՞ք ՀՀ իշխանությունը պատրաստվում է վճարել այդ գինը։Եվ արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է դրան։
Այն էլ մի այնպիսի բախտորոշ ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ը, նախագահ Ջո Բայդենի դեմքով, շատ մոտ է ցեղասպանությունը ճանաչելուն։ Իսկ մինչ այս ցեղասպանությունը ճանաչած երկրների զարմանքն ու հիասթափությունը կարելի է միայն պատկերացնել։