«Հայաստանը՝ թվերով»․ 2021 թ-ի առաջին երկու ամիսներին սպառողական գներն աճել են 4.9 տոկոսով, իսկ միջին անվանական աշխատավարձը՝ միայն 0,8 տոկոսով
Exclusive
ArmDaily.am-ի շարունակում է «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում կանդրադառնանք 2021 թ-ի հունվար-փետրվար ամիսների ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող նախնական-հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին։
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշները նախորդ տարվա առաջին երկու ամիսներին հիմնականում նվազման միտում են ունեցել։
Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թ-ի հունվար փետրվարի նկատմամբ՝ այս տարվա առաջին 2 ամիսներին նվազել է 6,7 տոկոսով, 7,9 տոկոսով նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը։ Առևտրաշրջանառությունը նվազել է 11,7 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 12,5 տոկոսով։
Այս տարվա առաջին 2 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր նվազման միտում ունի նաև արտաքին առևտրաշրջանառությունը, որը նվազել է 12,2 տոկոսով։ Ընդ որում՝ արտահանումը նվազել է 5,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15,8 տոկոսով։
Նկատելի անկում է արձանագրվել նաև Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 5,8 տոկոս։ Միաժամանակ, 1 տոկոսով ավելացել է շինարարության ծավալը։
Փոխարենը աճ է արձանագրել սպառողական գների ինդեքսը՝ 4.9 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 6,2 տոկոսով, այն դեպքում, երբ միջին անվանական աշխատավարձն աճել է միայն 0,8 տոկոսով։
Հատկանշական է, որ 2,2 տոկոսով ավելացել են պետական աշխատավարձերը, իսկ ոչ պետական աշխատավարձի աճը կազմել է միայն 0,4 տոկոս։