Ի դեպ. Ընտրություններն առանց «ռեյտինգային» համակարգի անցկացնելու որոշման մասին
Ի դեպԱրդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այն պահից, երբ հայտնի դարձավ արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական համաձայնության մասին, ընտրություններին առնչվող եւ ամենաշատ քննարկվող թեման ընտրական օրենսգիրքն էր։ Հատկանշական է, որ այս քննարկումների առանցքում առավելապես վարկանիշային համակարգն էր, այսպես կոչված «ռեյտինգայինը», որը հնարավորություն է տալիս օլիգարխիայի եւ տեղական հեղինակությունների ներուժը փոխակերպել քաղաքական արդյունքի։ Ինչեւէ, նախօրեին հայտնի դարձավ, որ իշխանությունը որոշել է հրաժարվել վարկանիշային ցուցակներից ու հունիսյան արտահերթ ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե «Խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, և ընտրությունները իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն առանց վարկանիշային ընտրացուցակի»։ Ստացվում է գործող օրենսգիրք, առանց «ռեյտինգային» համակարգի։ Հիմա սա լա՞վ նորություն է, թե՞ վատ։ Նայած՝ ում համար։ Լավ է քաղաքական այն ուժերի համար, ովքեր չունեն քաղաքական հավակնություններով տեղական հեղինակություններ, օլիգարխ համակիրներ։ Եւ վատ է նրանց համար, ովքեր մտածում էին խաղադրույք անել հենց այս սեգմենտի վրա։ Սա որպես ընդհանուր դիտարկում։ Բայց արի ու տես՝ այս դիտարկումն այնքան էլ արդարացված չէ խորհրդարանական ընդդիմության պարագայում։ Օրինակ, թվում էր, թե «ռեյտինգայինի» պահպանմանը կողմ պետք է լիներ ԲՀԿ-ն, եւ դեմ՝ ԼՀԿ-ն։ Պարզվում է, սակայն ԲՀԿ-ի համար միեւնույն է, ԼՀԿ-ն անընդունելի է համարում խաղի կանոնների փոփոխությունը։
«Ռեյտինգայինից հրաժարվելուն խիստ դեմ են ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» շարքերում: Ընտրություններն առանց ռեյտինգայինի, ենթադրաբար, ձեռնտու է կառավարող կուսակցությանը։ Այնպես չէ, որ նրանց կողքին օլիգարխներ չկան, բայց նրանք այնքան շատ չեն, որ կարողանան մեծ ազդեցություն ունենալ ամբողջ հանրապետության տարածքում։ Այստեղ մի հարց է առաջ գալիս։ Եթե հնարավոր է ընտրական օրենսգրքի պարզ փոփոխություններով հրաժարվել «ռեյտինգային» համակարգից, ինչու եւս մեկ քայլ չանել եւ ընդունել նաեւ Ընտրական օրենսգրքի՝ վարչական ռեսուրսի և քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության հետ կապված փոփոխությունները։