Ի դեպ. ԳՇ-ի պետի շուրջ վերջին զարգացումների մասին. մեկը գնաց աշխատասենյակ, մյուսը՝ դատարան
ADTVԻ դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԶՈՒ հրամկազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին։ Վարչապետը շնորհավորել է Արտակ Դավթյանին, համոզմունք հայտնել, որ կհաջողվի լուծել այն խնդիրները,
որոնք բխում են մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից: Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ ճշգրտորեն պետք է պահպանվի Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը, եւ որ դա պետք է ոչ թե իրեն, ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, այլ դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին: Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, ասել է Նիկոլ Փաշինյանը։ԳՇ-ի շուրջ վերջին զարգացումների համապատկերում, իհարկե, հասկանալի են վարչապետի այս արձանագրումները։Ինչեւէ, վարչապետը ներկայացրեց ԳՇ-ի նորանշանակ պետին ու թվում է, թե Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, սակայն տարաձայնությունները պահպանվում են, եւ հարցը տեղափոխվել է իրավական դաշտ։ Հիշեցնեմ, մինչ այս Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան եւ վարչական դատարանը որոշել էր բավարարել Օնիկ Գասպարյանի պահանջը և ապահովել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով։ Սա, ըստ Օնիկ Գասպարյանի փաստաբանների ու մի շարք իրավաբանների, նշանակում է, որ դատարանը որոշել է կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Եւ ըստ այդմ՝
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Ստացվում է, իրավական կազուս. մի կողմից Օնիկ Գասպարյանը ազատված է աշխատանքից իրավունքի ուժով, ինչպես պնդում են կառավարությունն ու այս տեսակետի կողմնակից իրավաբանները, մյուս կողմից Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԳՇ պետ, ինչպես պնդում են նրա փաստաբաններն ու այս տեսակետի կողմնակից իրավաբանները։Լավ, բա սրա վերջը ի՞նչ է լինելու։ Օնիկ Գասպարյանի փաստաբանի մեկնաբանությամբ.եթե դատարանի որոշում կա և կառավարությունն ասում է՝ թքած ունեմ այդ որոշման վրա, դա մոտավորապես նույնն է, ինչ որ ասի՝ գիտեք կարող եք դատարան չդիմեք էլ, միևնույն է ինչ ուզեմ՝ էդ եմ անելու։ Եվ մինչ Արտակ Դավթյանն այսօրվանից անցնում է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, Օնիկ Գասպարյանի փաստաբանները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել դատախազություն։ Ինչպես ասում են, այս «խմորը դեռ շատ ջուր կվերցնի», իսկ «կենացները՝ գնալով քաղցրանում են»։