Ի դեպ. Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ելքերի մասին՝ ըստ Վազգեն Մանուկյանի եւ Լեւոն Տեր Պետրոսյանի
Ի դեպԻ դեպ, հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը շարունակում է մնալ հանրային - քաղաքական քննարկումների առանցքում։ Նախագահի ձեռնարկած հանդիպման տապալումից հետո, նախօրեին նոր հայտարարություն տարածեց «Ազգային փրկության շարժման» առաջնորդ Վարզգեն Մանուկյանը։ Նա ըստ էության դիտարկում է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման 3 տարբերակ՝ հեղափոխություն, հեղաշրջում, ընտրություններ։ Շարժման առաջարկը հեղափոխականն է՝ հանրային ճնշման միջոցով հեռացնել իշխանությանը ԱԺ-ի միջոցով ընտրել նոր վարչապետ, ձևավորել ժամանակավոր կառավարություն, և մեկ տարի անց կկազմակերպել ընտրություններ։
Հաջորդ տարբերակը. Բանակը վերցնում է իշխանությունը ձևավորում ժամանակավոր ադմինիստրացիա, և որոշ ժամանակ անց տեղի են ունենում ընտրություններ: Կամ նույնը լինում է ժողովրդական ապստամբության միջոցով:
3-րդ տարբերակը՝ անցկացնել արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այս տարբերակն, ըստ Վազգեն Մանուկյանի, ամենավտանգավորն է, որը մեծ հարված կհասցնի Հայաստանին, կխորացնի կապիտուլյացիայի խայտառակությունը։
Հատկանշական է, որ Վազգեն Մանուկյանի այս հայտարարությունից հետո սկսվեց, կամ ավելի շուտ շարունակվեց Լեւոն-Տեր Պետրոսյան-Վազգեն Մանուկյան շուրջ 30 տարվա բանավեճը։ 1-ին նախագահը բանակի միջամտությամբ հեղաշրջումը բացարձակ հակասահմանադրական եւ անընդունելի է համարում, շարժման միջոցով վարչապետի հրաժարականին հասնելը՝ ժամանակավրեպ, քանի որ այն լիովին սպառված է։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում ընտրություններ անցկացնելու հարցում Վազգեն Մանուկյանն ու Լեւոն Տեր Պետրոսյանը համակարծիք են։ Լեւոն Տեր Պետրոսյանն էլ է գտնում, որ այդ դեպքում մենք ականատես կլինենք Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրությունների:
Ի՞նչ է առաջարկում 1-ին նախագահը։ Վարչապետի անհապաղ և ինքնակամ հրաժարական, ԱԺ-ի ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովում եւ թեկուզ ժամանակավոր, ապաստանում արտերկրում: Առաջարկն իհարկե ստանդարտ չէ, եւ թերեւս հասկանալի է, որ ոչ ստանդարտ իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ են հարկավոր։ Այս առաջարկն իհարկե ամենատարբեր ու իրարամերժ մեկնաբանությունների առարկա կդառնա, բայց հազիվ թե ընդունելի լինի կառավարող կուսակցության եւ վարչապետի համար։ Ավելի հավանական է, որ «Իմ քայլը» համաձայնության հասնի խորհրդարանական ուժերի հետ խորհրդարանի արձակման տարբերակի շուրջ, հավանաբար առանց հուշագրի եւ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։