Ես չգիտեմ, թե ինչու է պատգամավորը նման հայտարարություն արել, հավանաբար, օրենքին չի տիրապետում կամ էլ միտումնավոր խեղաթյուրում է փաստերը, քանի որ հատկապես ռազմական դրության ժամանակ չի կարող պաշտպանության նախարարն իրականացնել գլխավոր շտաբի պետի պարտականությունները։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Օնիկ Գասպարյանի պարտականությունները կատարում է Վաղարշակ Հարությունյանը։
«Գլխավոր շտաբի պետն, ըստ էության, դեռևս գտնվում է պաշտոնավարման շրջանում, այստեղ դեռևս կան իրավական խնդիրներ և դեռևս հայտնի չէ, թե արդյոք ԳՇ պետի լիազորությունները դադարեցված են, որովհետև այստեղ դեռ բավականին հարցը խրթին է ու խնդրահարույց։ Բոլորս գիտենք, որ ԳՇ պետը նշանակվում է 5 տարի ժամկետով և կարող է պաշտոնանկ լինել միայն որոշակի հիմքերի դեպքում, օրինակ, հիվանդության, մահվան կամ մեկ այլ պաշտոնի նշանակման դեպքում, բայց ոչ քաղաքական հայտարարություն կամ որևէ հայտարարություն կատարելու դեպքում։ Այդուհանդերձ, եթե անգամ ընդունենք, որ ԳՇ պետի պաշտոնը թափուր է, ինչը, կրկնեմ, այդպես չէ, ապա այդ իրավիճակում չի կարող ՊՆ-ն իրականացնել ԳՇ պետի պարտականությունները, քանի որ առաջին հերթին գտնվում ենք ռազմական դրության իրավիճակում, երկրորդ՝ ԳՇ պետի պարտականությունները կատարելու համար հարկավոր է հանձնընդունելության մեխանիզմներ և ակտեր, որոնք չկան, գոյություն չունեն։ Այնպես որ, ես այն կարծիքին եմ, որ կամ պատգամավորը օրենքներին չի տիրապետում, կամ միտումնավոր փորձում է խեղաթյուրել պատկերը և այլ իրականության մեջ ներկայացնել՝ ստեղծելով տպավորություն, թե քաղաքական իշխանությունը ռազմական իշխանության նկատմամբ ճնշումներ է դրսևորում»։

