Այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում ՝ Արմեն Սարգսյանի վրա ճնշումներ եղե՞լ են, ասաց, որ եթե հաշվի առնվի վերջին 2.5 տարվա Նիկոլ Փաշինյանի կառավարման ձևը, ապա միանշանակ, ճնշումներ եղել են։
«Դա իմ անձնական կարծիքն է, ես որևէ հստակ փաստ չունեմ։ Ես Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ ինքը և՛ մտահոգված էր փաստաթղթի ստորագրմամբ, և մտահոգված էր, թե՛ ստորագրած փաստաթուղթը ինչ բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության մեջ։ Բոլորն էլ ցանկություն ունեն, որ քիչ բորբոքվածությամբ լինի այս խնդրի լուծումը»,- ասաց նա։
Շարժման վարչապետի միասնական թեկնածուն հիշեցրեց՝ իրենց հիմնական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գնա։
Հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարող է սահմանադրական փոփոխություններ լինեն, և խորհրդարանականից անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգի, Վազգեն Մանուկյանը պատասխանեց.
«Սահմանադրական փոփոխություններ միշտ էլ կարելի է անել։ Նիկոլն ուզում է, որ ընտրություններն արվեն իր օրոք։ Այսինքն՝ ինչպես հրապարակում տարբեր շրջաններից 15 հազար մարդկանց հավաքեց, այդ նույն ձևով ուզում է ընտրություններ անցկացնել ու ասել՝ ժողովուրդն ինձ ընտրեց։ Մենք համաձայն ենք արտահերթ ընտրություններին, բայց դա պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո»։
Հարցին, թե ԱԺ շենքի մոտ դիպուկահարներ կան տեղակայված, հնարավո՞ր է հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառում լինի, Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ ասելով, որ Նիկոլը մանկական խաղ է խաղում։
«Նիկոլը շատ վախեցած է, ու ուզում է մի քիչ էլ մեզ վախեցնի. մանկական խաղ է։ «На войне как на войне»»,- եզրափակեց խոսքը Վազգեն Մանուկյանը։

