ArmDaily.am-ը ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեց, թե Ագզային Ժողովում հարցուպատասխանի ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ թույլ տրված ձևակերպումներն ու արտահայտություններն արդյո՞ք ճնշման փորձ էին, թե ոչ։
«Գիտեք ինչ, ես միշտ ասել եմ՝ հիմա էլ կասեմ, ԲԴԽ և դատական իշխանության ներկայացուցիչ դատավորները չպետք է որևէ կերպ ճնշվեն խիստ, զայրացած կամ այլ կերպ արտահայտություններից։ Քաղաքական գործիչները հիմնականում այդպես էլ անում են, իրենք սիրում են ավելի գեղեցիկ խոսքերով իրենց կարծիքը, հարցերը ներկայացնել, բայց մենք պետք է չտրվենք, դատական իշխանության ներկայացուցիչները չպետք է տրվեն այդ գայթակղությանը նմանակերպ պատասխանելու։ Մենք պարտավոր ենք պահպանել քաղաքական զսպվածություն և պետք է պատասխանել ըստ էության։ Այնպես որ ցանկացած արտահայտություն, ցանկացած կարծիք դատական իշխանության հանդեպ կարող է դիտվել որպես ճնշման փորձ, բայց դա չի նշանակում, որ դատական իշխանության ներկայացուցիչները պետք է դրանից ճնշվեն և ըստ այդ անձի ցանկության՝ կատարեն գործ»,-ասաց Բեքմեզյանը։
Նա նշեց, որ ինքն այդ հարցերից չի ճնշվել որպես ԲԴԽ անդամ և կարծում է ու հույս ունի, որ Ռուբեն Վարդազարյանն էլ չի ճնշվել այդ հարցերից, չի էլ պատկերացնում, թե այդ հարցերով ինչպես պիտի ճնշեին ԲԴԽ-ին։
«Թեկուզ և ձևակերպման ձևով՝ ես չեմ պատկերացնում, թե ինչո՞վ իրենք կարող էին ճնշել ԲԴԽ-ին, իրոք չեմ պատկերացնում, թե ինչու ԲԴԽ-ն պիտի ճնշվի պատգամավորի տված հարցից»,-ասաց Բեքմեզյանը։
Վերջինս ասաց, որ չի ուզում պատգամավորների կողմից տրված հարցերի ոճաբանությունը քննարկել, բայց ամեն դեպքում կողմ է, որպեսզի բոլոր մարդիկ մնան քաղաքավարության սահմաններում։
«Եթե քաղաքավարության սահմանները անցնում են՝ դա ցանկալի չէ։ Բայց էլի եմ ասում, ես չեմ նայել հարցուպատասխանը այլ տեսանկյունից, ես նայել եմ հարցուպատասխանը՝ հասկանալու համար հարցերի բովանդակությունը, նպատակը և նշանակությունը և հետևել եմ նաև պատասխաններին։ Ես նայել եմ որպես ԲԴԽ անդամ, որպես կողմնակի դիտորդ։ Ես չեմ ցանկանա մեկնաբանել այդ գործընթացը, որովհետև ես դրա մասնակից չեմ և ճիշտ չի լինի, որ ես մեկնաբանեմ»,- եզրափակեց Բեքմեզյանը։
Հայկա Ալոյան

