Երեւանում գարնան առաջին օրը դեռեւս 2008թ-ից կորցրել է իր իմաստը։ 13 տարի շարունակ գարնան առաջին օրը տոն չի եղել եւ չի էլ լինի մեզ համար։ Ավելին՝ մենք ոչ միայն չենք կարողանում վարձահատույց լինել՝ մեր կյանքով, գործով արժանի լինել հանուն ազատ, արդար երկրում ապրելու տեսլականի զոհվածներին, այլեւ շարունակ անարգում ենք նրանց հիշատակը։
Մարտի 1-ն այս տարի կրկնակի, եռակի ողբերգություն է՝ իր մեջ ամփոփելով ոչ միայն 2008թ Երեւանի կենտրոնում սպանված 10 քաղաքացիների կորուստը, այլեւ մեր հայրենիքի, պետականության կորուստը, պատերազմի հազարավոր զոհերի ու վիրավորների կորուստը։
Ի՞նչ պետք է անեինք մենք բոլորս այս իրավիճակում եւ առաջին հերթին իշխանությունը, քաղաքական համակարգի տարրերը։ Դե իհարկե, համախմբվեինք, ջանքերը մեկտեղինք, աշխատեինք, ոտքի կանգնեինք, փորձեինք վեր հառնել մոխիրներից փյունիկի պես...։
Ժողովուրդը դեռ մի կողմ, նրան հեշտ է մոլորեցնել, մանիպուլացնել, ուղղորդել՝ ի՞նչ են անում քաղաքական համակարգի մյուս տարրերը, ի՞նչ է անում իշխանությունը։
Նիկոլ Փաշինյանն այսօր նորից հանրահավաք է հրավիրում, նա ցանկանում է հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ ցույց տալ, թե ինչքան շատ մարդ կարող է հանել հրապարակ։ Հանրահավաքում, բնականաբար, կխոսի սեւերի, դավաճանների, կոռումպացված նախկինների, իրենց խանգարողների մասին, այն, ինչ արդեն լսում ենք 3 տարի շարունակ։ Հանրահավաքի «առիթը» նախագահի՝ Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը չստորագրելն է, սա երեւի հունից հանել է վարչապետին, նա որոշել է ցույց տալ, թե ով է տան տղամարդը։ Նույն ժամին ի հիշատակ համակարգի զոհերի՝ «հանրահավաք-համերգ» է անցկացնում Ազգային ժողովրդական բեւեռը, «Հայրենիքի փրկության շարժումն» էլ հանրահավաք կանի 18.00-ին Բաղրամյանում։ ՀԱԿ-ն էլ ավանդական դարձած միջոցառումները կանցկացնի՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի։
Արդեն կարելի է չէ՞ պատկերացնել, թե ինչ պայթյունավտանգ իրավիճակ կարող է ստեղծվել, «չպայթած Իսկանդերը» այսօր կարող է պայթել Երեւանում։
Ո՞ւմ է հուզում նոյեմբերի 9-ից հետո սկսված եւ չավարտվող, օրեցօր խորացող այս ճգնաճամը, հաստատապես ոչ իշխանությանը։
Ինչպես 3 տարի շարունակ, այնպես էլ այսօր իշխանությունը զբաղված է ընդդիմախոսներին, հակառակորդներին չեզոքացնելով։ Այսօր թիվ մեկ խնդիրը ամեն գնով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը հասնելն է, քանի որ նա համարձակվել է պահանջել վարչապետի հրաժարականը։ Իշխանությունների պնդմամբ՝ խախտել է սահմանադրությամբ ամրագրված քաղաքական չեզոքություն պահելու դրույթը։
Թե ինչքան դրույթներ են խախտում իշխանություններն ամեն օր՝ էական չէ, Քրեական օրենսգրքի որ հոդվածներն են հասցրել խախտել՝ դա էլ չի հուզում օրվա իշխանություններին, սակայն, կարեւորը, ԳՇ-ն չպետք է դեմ դուրս գար իշխանություններին։
Չի հեռանում Գասպարյանը իր կամքով, չի ստորագրում նրա ազատման միջնորդությունը, նախագահը, հոգ չէ, քաղաքական մեծամասնությունը կհեռացնի նաեւ նախագահին՝ մի կրակոցով երկու նապաստակ՝ կամ չկա մարդ, չկա խնդիր սկզբունքով։
Իշխանությունը ազատ է իր սրտի ուզածն անելու, քանի որ վայելում է «ժողովրդի մեծամասնության վստահությունը», բայց պատասխանատվության ժամին չի կարող վկայակոչել, թե իր քայլերը թելադրված էին ժողովրդի կամքով։
Այնպես որ մի հապաղեք, հեռացրեք նախագահին, ազատեք ԳՇ պետին, հաջորդը դատական իշխանությունը ցրեք, ձեր սրտի դատավորներին բերեք։ Չէ՞ որ երեկ վարչապետը հայտարարեց, որ «ընդամենը ամիսներ առաջ գրեթե նույնպիսի անթույլատրելի քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ ԲԴԽ նախագահը, ինչը պետք է որոշակի քաղաքական գնահատականի արժանանա»։
Վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ դատական իշխանությունը իր աղախինը, կամակատարը չէ։ Ավելին՝ իբրեւ իրավական պետություն, առնվազն այդպես հռչակված, մեր երկրում իշխանության երեք ճյուղերը տարանջատված են՝ քաղաքական հակակշիռներ, զսպումներ ապահովելու համար։ Խախտե՞լ է որեւէ դատավոր սահմանադրությունը, չի՞ դրսեւորել քաղաքական չեզոքություն, կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են վարույթ հարուցել, քննություն սկսել։ Բայց հաստատապես դա վարչապետի հանրահավաքում «ճղճղալու» առիթ չէ։
Օնիկ Գասպարյանին, նախագահին, դատական իշխանությանը, 17+ ուժերին չեզոքացնելու ուղղությամբ իր գործադրած անսպառ ջանքերը վարչապետը ճիշտ կանի ուղղի թշնամու դեմ, ով ամենօրյա ռեժիմով ծիծաղում է իր եւ մեր երկրի վրա։
Իշխանության սպասարկող ուժերը, քաղհասարակությունը, կազմակերպությունները եւս ճիշտ կանեն այդ ուղղությամբ աշխատեն։ Այնքան թարմ են հիշողությունները հայտնի իրավապաշտպանի նախկին իշխանությունների համար ձայն բերող տնօրեններին բացահայտելու օպերացիայից, իսկ այսօր տեսնում ենք նրա հայտարարությունը, թե նախագահը խախտում է Սահմանադրությունը։ Ըստ ամենայնի՝ նա չի տեսել կամ չտեսնելու է տվել երեկվանից հրապարակվող ձայնագրությունները պաշտոնյաների կողմից հանրահավաքին մասնակիցներ ապահովելու մասին։ Դրանք, ըստ իշխանական իրավապաշտպանների, վարչական ռեսուրսի չարաշահում էին ՀՀԿ-ի ժամանակ, հիմա կարեւորը՝ նախագահը Սահմանադրությունը չխախտի, գործադիրից գնացող բոլոր միջնորդությունները, իբրեւ բարձրաստիճան նոտար, ստորագրի, հրապարակի։ Հայրենի իրավապաշտպանները մտահոգ չեն իշխանության քայլերով, քանի որ Սահմանադրությունն արդեն իմունիտետ ունի նրանց խախտումների նկատմամբ։

