Էդմոն Մարուքյանի առաջարկը տրամաբանական չէ մի շատ պարզ պատճառով՝ փաստացի այդ առաջարկով, ես ճի՞շտ եմ հասկանում, որ Էդմոն Մարուքյանը նորմալ է համարում ԳՇ պետը կամ ԳՇ պետի տեղակալը պիտի դառնան քաղաքական գործոն և իրենց նշանակումը կամ ազատումը կամ չազատումը, պիտի դառնա քաղաքական պայմանավորվածության մաս, այդպես չի կարող լինել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Դա չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար, բայց տրամաբանական կլիներ, կարծում եմ, որ ընդհանրապես առանց որևէ պայմանի Էդմոն Մարուքյանը հայտարարեր, որ իրենք պատրաստ են ստորագրել հուշագիր՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ և այդ դեպքում կարծում եմ, որ մենք առաջ կգնանք»,- ասաց նա։
«Մենք մեր լուծումը նախորդ հանրահավաքին ներկայացրել ենք, լուծումը հետևյալն է՝ Օնիկ Գասպարյանը կամ պիտի ինքը պաշտոնից ազատման դիմում գրի, կամ հանրապետության նախագահը պիտի ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը, որից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Կեղծ է այն մտայնությունը, թե առանց ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, հնարավոր է որևէ քայլով ապահովել կայունություն, որովհետև համաձայնեք, որ ցանկացած սցենարի դեպքում այն պայմաններում, երբ որ ԳՇ պետը իրեն դրել է քաղաքական գծից ներս, չի կարող կայունություն ապահովող իրավիճակ համարվել»,- ասաց Ռուբինյանը։
Հարցին՝ արդյոք սա պայման չէ իշխանությունների կողմից՝ Ռուբինյանն ասաց. «Սա ոչ թե նախապայման է, այլ վարչապետը իրացրել է իր լիազորությունները»։

