Mediaport տելեգրամյան ալիքն այսօր տեղեկություն էր հրապարակել, ըստ որի, Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը փաթեթավորել են՝ քողարկելու նպատակով։ Մասնավորապես, տելեգրամյան ալիքը, հղում անելով իր տեղեկություններին, նշում էր, որ մեծ աղմուկից խուսափելու համար Արցախի իշխանությունները ադրբեջանցիների հետ պայմանավորվել են քողարկել արձանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նշեց, որ երեկ տեղեկացել է այդ մասին, անձամբ խոսել է Մարտունու քաղաքապետի հետ։
«Արձանը փաթեթավորել են, քանի որ քանդակագործը դեռևս շարունակում է արձանի վրա աշխատանքները, այն դեռևս անավարտ է։ Կռվից հետո իր բնակության վայրը փոխվել է, հիմա շատ ավելի հեռու տեղ է բնակվում, նույնիսկ մտածում էին արձանի աշխատանքները ավարտելու համար տեղափոխել իր բնակության վայրին մոտ, բայց հաշվի առնելով վերջերս արձանի շուրջ եղած աղմուկը, որոշեցին հենց տեղում շարունակել աշխատանքները»,-պարզաբանեց Ազիզյանը։
Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների ու ադրբեջանցիների միջև ունեցած համաձայնությանը՝ արձանը փաթեթավորելու և այն քողարկելու վերաբերյալ, քաղաքագետը դա որակեց տխմարություն և քաղաքական մոտիվացիա ունեցող ապատեղեկատվություն։
Հայկա Ալոյան

