ArmDaily.am-ին զրուցել է քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Մարգարյանի հետ:
-Պարոն Մարգարյան, նոյեմբերի տասին, երբ հայտնի դարձավ, որ կապիտուլյացիոն թղթի ստորագրմամբ զինադադար է հայտարարվել, երկրում վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջով սկսվեցին ցույցեր, անհնազանդության ակցիաներ ու հանրահավաքներ, որը շարունակվում է մինչ օրս: Որպես հետ պատերազմյան փուլ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:
-Նման կապիտուլյացիոն թղթի ստորագրումից հետո, մասնավորապես, եթե դա տեղի է ունենում առանց որևէ խորհրդակցության ու որևէ մեկի նախապես տեղյակ պահելու, երկրի վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջը բնական ու անխուսափելի էր: Նոյեմբերի 10-ին հաջորդած իրադարձություններն ապացուցեցին այն իրողությունը, որ նման իշխանության գոյատևումը սպառնալիք է երկրի անվտանգությանը և թշնամու դիմաց վիզ ծռած ու նվաստացած ղեկավարը ոչ միայն չի կարող երկիրը հանել հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից, այլ ստեղծում է նոր սպառնալիքներ: Հիշենք միայն Գեղարքունիքի ու Սյունիքի տարբեր համայնքներում ստեղծված իրավիճակը, կամ գերիների ու անհայտ կորածների լուծում չգտած հարցը:
-Երկրում իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ Փաշինյանը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տ. Խաչատրյանին, որին հաջորդեց ԳՇ պետ Օ. Գասպարյանի գլխավորությամբ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությունը: Վերջինս այն որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ, մինչդեռ, օրինակ, ԱՄՆ պետդեպարտամենտը հեղաշրժման տարրեր չի տեսնում: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Այդ մասին արդեն իրենց մասնագիտական տեսակետը հայտնել են մեր սահմանադրագետները և կարծում եմ բոլորը համակարծիք են հարցում, որ դա հեղաշրջման փորձ չի եղել: Հայտարարությունից հետո որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել բանակի կողմից, ինչը նույնպես բացառում է հեղաշրջման հավակնությունը: Կատարվածին կարելի է նայել նաև մեկ այլ դիտանկյունից: Բանակը համարվում է երկրի անվտանգության երաշխավորը և պարտականություն ունի ժամանակին ու անհապաղ արձագանքել երկրին սպառնացող վտանգներին: Այսօր գործող իշխանությունը սպառնալիք է համարվում ոչ միայն երկրի սահմանների, այլ նաև ներքին անվտանգության համար, հետևաբար՝ բանակը ոչ միայն իրավունք, այլ պարտականություն ունի զգուշացնել սպառնացող վտանգի մասին: Չմոռանանք, որ Արցախյան վերջին պատերազմի ու նաև մեր պարտությանը հանգեցրած հրամանների կապակցությամբ հնարավոր է, որ ԶՈՒ ԳՇ-ն ունի այնպիսի գաղտնի ինֆորմացիա, որը կարող է արդարացնել այս փուլում նման հայտարարությամբ հանդես գալու որոշումը:
-Բանակի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին բացասաբար արձագանքեց Թուրքիայի քաղաքական վերնախավը, մասնավորապես՝ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան անթույլատրելի է համարում զինվորականների կողմից Հայաստանում իշխանափոխության կոչեր հնչեցնելը: Հայաստանում շատերի կողմից ընկալվեց որպես աջակցություն Փաշինյանին: Այնուամենայնիվ, դուք ինչո՞վ եք բացատրում Թուրքիայի ռեակցիան Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ:
-Վերջին օրերին միայն Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձ անվանեցին ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը: Դա արդեն իսկ վկայում է այն մասին որ Փաշինյանի իշխանության շարունակվելն այս պահին ամենաշատը ձեռնտու է հենց Թուրքիային ու Ադրբեջանին: Շատ պարզ է, որ ամեն ինչ Արցախի պատերազմում մեր կրած պարտությամբ ու կապիտուլյացիոն փաստաթղթով չի ավարտվել: Կան անավարտ նախագծեր ու ծրագրեր, որոնց շուրջ եթե ոչ գրավոր, գոնե բանավոր պայմանավորվածություններ կան: Դրանցից ամենակարևորը, որը կենսական նշանակություն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ նոյեմբերի 10-ի փաստաթղթի վերջին կետի և Մեղրիով Նախիջևանն Ադրբեջանին կապելու կամ իրականում պանթուրքիստական վաղեմի երազանքի իրականացումն է: Հայաստանում ցանկացած իշխանափոխություն կարող է հօդս ցնդեցնել այդ երազանքը:
-Փաշինյանը հանրահավաք հրավիրեց, որի ժամանակ հորդորեց նախագահ Սարգսյանին՝ ստորագրել Գասպարյանին պաշտոնից ազատելու իր հրամանը, իսկ հակառակ պարագայում, կոչ արեց հենց Գասպարյանին՝ ինքնակամ հրաժարական տալ: Սակայն, նախագահը առարկություններով հետ վերադարձրեց հրամանը, իսկ Գասպարյանն էլ դեռ հրաժարական չի տվել: Ի՞նչ քայլերի կարորղ է դիմել Փաշինյանը, ի՞նչ սպասել:
-Արդեն պարզ է դարձել, որ Փաշինյանը կրկին նույն առաջարկը վերադարձրել է նախագահին ու կրկնել պահանջը: ՀՀ Սահմանադրությամբ եթե երկրի սահմանադրական մարմինների միջև նման վեճ կամ անհամաձայնություն է ծագում, հարցը լուծում է Սահմանադրական դատարանը: Բայց հիշենք, որ հայտարարության տակ Օնիկ Գասպարյանից բացի ստորագրել են չորս տասնյակից ավելի գերներալներ ու բանակային պաշտոնատարներ ու հետագայում նրանց են միացել նաև նորերը: Հետևաբար՝ չի թվում, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից զրկելով որևէ հարց լուծվելու է: Դա ընդամենը կարող է Փաշինյանի կողմից ուժի ցուցադրում լինել, սակայն գործող իշխանություններին զինված ուժերի հայտնած անվստահությունն ու հրաժարականի պահանջը շարունակելու է մնալ ուժի մեջ:
-Փաշինյանն ու իր թիմը շատ են վկայակոչում 18-ին ժողովրդից ստացած մանդատը: Այսօր նրանք ունե՞ն ժողովրդի աջակցությունը:
-Անցնող 2 տարի 10 ամիսների ընթացքում հայ իրականության մեջ շատ բան է փոխվել: Չեմ կասկածում որ եթե 2018 թվականին ժողովուրդը տեղյակ լիներ այն մասին, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության պատճառով պատերազմ է սկսվելու, որի արդյունքում ոչ միայն կորցնելու ենք Արցախը, այլ 5000 երիտասարդներ, որոնք պիտի կերտեին մեր երկրի ապագան, էլի իր մանդատը կտար այս իշխանություններին: Նաև անհրաժեշտ է հիշել երկու փաստ: 2018 թվականին ժողովուրդը փողոց դուրս եկավ «Մերժիր Սերժին» կարգախոսով: Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը որևէ խոսք չկար նրան Նիկոլ Փաշինյանով փոխարինելու մասին: Ապրիլի 25-ից հետո միայն Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրության կարգը խախտելով ու ԱԺ-ի պատգամավորների վրա հոգեբանական ճնշում գործադրելով տիրացավ իշխանության: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին մասնակցեց ընտրողների միայն 48 տոկոսն ու նրանց 70,5 տոկոսը ձայն տվեց «Իմ Քայլը» խմբակցությանը: Նույնիսկ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը լավագույն դեպքում ունեցել է Հայաստանի ընտրողների ընդամենը 34 տոկոսի մանդատը:
-Եվ, պարոն Մարգարյան,ինչպե՞ս եք տեսնում ստեղծվածի հանգուցալուծումը:
-Դեռ նախքան պատերազմը երկրի վիճակը փակուղային էր: Իսկ պատերազմն ու դրա հետևանքներն այսօր այդ փակուղին ավելի խորացրել են: Նիկոլ Փաշինյանը շարունակում է դիմադրել հանրային պահանջի դիմաց, սակայն վերջին օրերի զարգացումները վկայում են թե դա երկար ժամանակ շարունակվել չի կարող: Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեցին Հայաստանի գործող ու նախկին նախագահները, Արցախի նախկին նախագահները, նախկին վարչապետները, երկու կաթողիկոսները, համալսարանի դասախոսներ, մշակույթի գործիչներ ու հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ: Այսօր նման պահանջով հանդես է եկել ցանկացած երկրի իշխանությունների գլխավոր հենարանը համարվող բանակը: Հիմա իշխանությունների դեմ կանգնած է ոչ միայն ընդդիմությունը, որին գուցե կարելի լինի անտեսել կամ ճնշել, այլ զինված ուժերը: Իրադարձություններն անդառնալի ընթացք են ստացել: Խնդիրը կարող է հանգուցալուծվել կողմերից մեկի նահանջով: Զինված ուժերի զիջումն ու իշխանությունների հեռացման պահանջից հրաժարվելը կհեղինակազրկի մեր բանակն ու նրա գեներալիտետին, ինչը աղետալի է լինելու դեռ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի համար: Հետևաբար մնում է միայն մեկ տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռանալը:
Իզաբելա Սուլթանյան

