Ի դեպ, հայաստանյան ներքաղաքական սրացումների նոր ալիքը, որ մեկնարկեց ԳՇ հայտնի հայտարարությունից հետո, բավական հետաքրքիր արձագանքներ ունեցավ, ՌԴ-ից ԱՄՆ-ից, ԵՄ-ից, եւ հատկանշական է՝ Թուրքիայից։ ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի զարգացումներին, կոչ է անում պահպանել հանդարտություն և խուսափել ցանկացած հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրացման: ԱՄՆ դեսպանությունը եւս ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, խրախուսում է հանդես բերել հանգստություն, զսպվածություն և առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Բավական հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինի ՌԴ արձագանքը, հաշվի առնելով, որ ԳՇ հայտարարությունը հաջորդել էր Ռուսական «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետի աղմկահարույց հայտարարությանը։ Քաղաքագիտական շրջանակներում տեսակետ կա, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը նման հայտարարություն չէր անի առանց ռուսական կողմի հետ «ժամացույցները ճշտելու։
Այս համատեսքում ՌԴ արձագանքը բավական զուսպ էր՝ Կրեմլում անհանգստությամբ են հետեւում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին, բայց կարծում են, որ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Բավական անսպասելի էր Թուրքիայի արձագանքելու փաստը։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ ու խստորեն դատապարտել է: Նա ասել է, թե անընդունելի է, երբ զինվորականները ընտրությունների միջոցով իշխանության եկած կառավարությանը հրաժարականի կոչ են անում: Այս հայտարարությունը հայաստանյան փորձագիտական դաշտում տարբեր մեկնաբանություններ ունեցավ։
Մի մասը գտնում է, որ եթե Թուրքիան անհանգստանում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, նշանակում է, որ այդ գործընթացները թուրքանպաստ չեն եւ անհանգստացնում են Թուրքիայի իշխանություններին։ Նաեւ այսպիսի կարծիք կա, որ Թուրքիան Հայաստանում որեւէ մեկի աջակցություն հայտնելու դեպքում հազիվ թե այդքան միամտություն ունենար դա անել ուղիղ ու բաց տեքստով։ Ուրեմն այստեղ այլ նպատակ ու այլ հասցեատեր կա։ Ամեն դեպքում, շատ վատ է, որ Թուրքիայից հնչող որեւէ հայտարարություն Հայաստանում օգտագործվում է որպես ներքաղաքական պայքարի գործիք ու քաղաքական ուժերի թեթեւ ձեռքով էլ ավելի պառակտում առանց այն էլ պառակտված հասարակությունը։ Ներքաղաքական ճգնաժամը հարկավոր է լուծել կոնսենսուսային փոխհամաձայնությամբ, բացառելով Թուրքիայի կամ Ադրբեջանի անուղղակի միջամտությունը։

