ArmDaily.am-ի հետ զրույցում իրավաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ կա մի մարդ, ով նստել է իշխանության գլխին և բոլորին խաբում է։
«Մի օր ասում է, որ արտահերթ ընտրություն է լինելու, մի օր ասում է չի լինելու, այսինքն սա է վիճակը։ Եվ ունենք պետականության կորստի վտանգ առհասարակ, կա քաղաքական խորը ճգնաժամ,որի լուծումները իրավական հարթություններում երբեք չեն լինում։ Քաղաքական ճգնաժամերը լուծվում են քաղաքական ճանապարհով»,-ասաց Վարոսյանը։
Անդրադառնալով վարչական ռեսուրսի օգտագործմանը, մասնավորապես աշխատանքային ժամին Նիկոլ Փաշինյանի հետ փողոցում քայլում էին բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ինչին իրավաբանն ի պատասխան ասաց.« Կներեք, սահմանադրական կարգը Հայաստանի տապալած մարդկանց ուզում եք մեղադրենք, որ աշխատանքի ժամին քաղաքականությամբ են զբաղվում կամ աշխատանքի ժամին մեր հաշվին աշխատավարձ ստանալով քայլում են Փաշինյանի կողքը, այն ամեն ինչից հետո, որ նրանք արել են այս պետության գլխին՝ մի տեսակ այս մեղադրանքը ավելի շատ ծիծաղելի է թվում։ Իրենք պատրաստ են ավելիին՝ իրենց իշխանության համար»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կոչին՝ փողոց դուրս գալու, ապա ըստ իրավաբանի, Փաշինյանը փորձում էր քաղաքացիական բախումներ հրահրել։
«Իմ տպավորությամբ ամեն ինչ այդպես էր, բայց քանի որ նրա շուրջը այն զանգվածը չհավաքվեց, որը իր կարծիքով պիտի հավաքվեր՝ դա է, որ մինչ այս պահը կանխել է այդ բախումները։Ոչինչ այս պահին Հայաստանում բացառել չի կարելի, ցավոք։ Ես որ ասում եմ առկա է քաղաքական ճգնաժամ, որ մենք մի ժամ հետո չգիտենք՝ ինչ կլիինի»,- հավելեց Վարոսյանը։
Նա ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում զինված հեղաշրջման փորձ կա և նրա հայտարարությանը միացավ նաև Թուրքիայի արտգործնախարարությունը.«Ինձ համար շատ հետաքրքիր է՝ ինքը որտե՞ղ տեսավ զինված հեղաշրջման փորձ, որովհետև մենք ընդամենը հայտարարություն ենք տեսել։ Ես կարծում եմ, որ այս պահին Թուրիքայի արտգործնախարարությունում շատ ավելի են իրար խառնված, քան օրինակ Հայաստանի կառավարությունը, որովհետև իրենց ծրագրերն են վտանգի տակ, իրենք շատ բան են ներդրել շատ բաների մեջ, որոքն այսօր վտանգված են»,- նշում է Վարոսյանը։

