Ես չեմ կարող հաստատել կամ հերքել Հայաստանի երկնքում ռազմական ինքնաթիռների առկայության փաստը։ Չեմ կարծում, որ դա այսօրվա գործընթացի կարևոր բաղադրիչ է հանդիսանում, որովհետև սկսած մարտական պատրաստության պլանից, վերջացրած ընթացիկ գործընթացների պատճառով՝ դրանք կարող են գտնվել երկնքում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն՝ ընդգծելով որ այդ ինքնաթիռների երկնքում գտնվելը առանցքային չի համարում։
Անդրադառնալով տեսակետին, թե գեներալիտետի հայտարարությունները ուղղորդված էին՝ նա նշեց, որ եթե ավելի քան 3 տասնամյակ այդ մարդիկ պաշտպանել են ու ծառայել են իրենց երկրին ամենատարբեր իրավիճակներում՝ ռազմական գործողությունների, պատերազմական գործողությունների ժամանակ, ապա արդյո՞ք նրանք հիմա իրավունք չունեն այսպիսի կարևորագույն փուլում իրենց ձայնը բարձրացնել և հանրությանը տեղեկացնել մեր երկրի, Հայաստանի, Արցախի առջև առկա սպառնալիքների ու մարտահրավերների մասին։ «Այս հայտարարությունը ես գնահատում եմ որպես մտահոգ, հայրենասեր մարդկանց ազդանշանը հանրությանն՝ առ այն, որ մեր հայրենիքը վտանգի առաջ է և այլևս չկա այլ ելք, քան այս իշխանությունների հեռացումը»։
Նա ընդգծեց, որ քանի որ այս պահին, թե Փաշինյանի հրաժարականը պահանջողներն են փողոցում, թե նրա աջակիցները՝ դա նշանակում է, որ բախումների հավանականությունը մեծ է։ «Բախումները մեծապես պայմանավորված են լինելու իշխանության հետագա քայլերով, և ցանկացած պարագայում դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու է այս իշխանությունը։ Մեր բոլորի նպատակը պետք է լինի տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ուժերի ու խմբերի միմյանց նկատմամբ թշնամաբար վերաբերվելու մոլուցքը կանխելը, պետք է ցանկացած գնով կանխել մեր հանրության տարբեր խմբերի միջև բախումները, ցանկացած տիպի գործողությունները, որը մեր հասարակությանն ու ժողովրդին կարող են տանել հանրության բևեռացման և ժողովրդին մղել նոր փորձությունների»։

