Չավուշողլուրի ցանկությունները և պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը։ Չավուշողլուն ու իր թիմը յուրահատուկ կոմպլեքսավորվածություն ունեն հեղաշրջումներից, որովհետև Թուրքիայում տեղի է ունեցել 4 հեղաշրջում, սա է պատճառը, որ իրենք խիստ զգայուն են հեղաշրջանն առնչվող թեմաների հետ կապված։ Սակայն այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում՝ այն չէ, ինչ իրենք գիտեն, այն չէ, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլույի հայտարարությանն՝ ըստ որի՝ Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում է այն։
«Թշնամի երկրի ԱԳՆ-ի մտահոգությունը մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ևս մեկ, երևի թե վերջին ազդակն է ցույց տալու համար, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում և այս իրադարձությունների հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունեն թշնամիները։ Շեշտեմ, այն՝ ինչ թշնամի Թուրքիայի համար քննադատելի է, միանշանակ կարելի է համարել ձեռնտու Հայաստանի և հայ ժողովրդի համար»։

