Ես շնորհավորում եմ բոլորիս հերթական հաջողության համար, մեր նպատակները մեծ են, ռազմավարական են և մենք քայլ առ քայլ մեր ճանապարհին հարթեցնելով ամեն ինչ գնում ենք դեպի հաղթանակ: Այս մասին, այսօր Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են: Այս պատերազմի ընթացքում որոշ ժամանակահատվածներում բանակը միայնակ էր մնացել: Մեզ համար հասկանալի է, որ այս ամենը արդյունք է ոչ լիարժեք, անգրագետ, ապիկար կառավարման: Այս իշխանությունները և կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևէ հատկանիշ չունի: Նրա կառավարման հատկանիշների արդյունքում է, որ բանակը պատերազմի ժամանակ մնաց միայնակ: Մեր ամբողջ պատմության ընթացքում մեր կողքին կարմիր թելով անցել է մի շատ կարևոր առանձնահատկություն, որ վտանգի պահին մենք միասնական ենք: Այս պատերազմի ժամանակ այս իշխանությունը այդ առանձնահատկությունը հիմնովին ոչնչացրեցին»,-հայտարարեց նախկին նախարարը:
Նա նշեց, որ այս պահին հարևան հրապարակում՝ Հանրապետության հրապարակում, Փաշինյանն իր կողքին է հավաքում իր համախոհներին. «Ես որևէ մեկին չեմ մեղադրում իրենց տեսակետների համար, բայց ինչո՞ւ այդ նույն բանը չարեց պատերազմի ժամանակ վարչապետը: Որովհետև իրեն դա պետք չէր: Իրեն բանակն ու ժողովուրդը պետք են միայն ինքնագովազդով զբաղվելու համար:
Անդրադարձավ ԳՇ պետի պաշտոնից Տիրան խաչատրյանին ազատելու որոշմանը՝ Օհանյանը նշեց. «Արցախյան ազատամարտի ժամանակ 19 տարեկանում, թողնելով իր ուսումը բուհում, զենք վերցրեց ու մեկնեց պատերազմ: Ո՞ւր էր այդ ժամանակ Նիկոլը, թաքնվել էր իր եղբայրների թիկունքում՝ ասելով, թե սովորում եմ ինստիտուտում: Եթե հայրենասեր էիր, վերցնեիր զենքը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել զորամիավորումների հրամանատարներին, որոնք միացել են ԳՇ կոչին: Սա նշանակում է, որ տեղերում, հատկապես սահմաններին այլևս ոչ մի թիզ չենք զիջելու հակառակորդին: Այլևս կամովին GPS-ով սահմանային ոչ մի իրավիճակ չի հանձնվելու հակառակորդին: Յուրաքանչյուր թիզ հողի, ռազմավարական բարձունք ու ճանապարհ միայն ճիշտ սահմանազատման արդյունքում են այդ սահմանները գծվելու»:
Նրա խոսքով՝ սա ԳՇ-ի կողմից հեղաշրջում չէ, այլ բանակը միացել է իր ժողովրդին:

