Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակն այսօր հասավ իր կուլիմինացիային։ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրեց ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Հայտարարությանը անմիջապես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե սա զինված հեղաշրջման փորձ է։ Նա իր համակիրներին հրավիրել է Հանրապետւթյան հրապարակ, որտեղ ժամը 16.00-ին ելույթ պետք է ունենա։ Ավելի վաղ նա «լայվ» մտավ եւ հայտարարեց, թե «հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս որ մենք, հանրությունը քաղաքացիական իշխանությունը, կառավարությունը, կարող են իրենց հարցեր ունենալ՝ մի քանի դրվագների վերաբերյալ»։
Հանրապետության հրապարակում մարդիկ են հավաքվել, ովքեր Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներում։ Ընդդիմադիրներն էլ 15.00-ին են հավաքվելու Ազատության հրապարակում։
Իշխանության համակիրները նշում են, որ ԶՈՒ ԳՇ-ն, Սահմանադրության համաձայն, քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են: Իհարկե, այս ամրագրումը անչափ կարեւոր է, պատահական չէ, որ այն ամրագրվել է երկրի մայր օրենքում, սակայն այսօր երկրում ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, ֆորսմաժորային։ Ուստի՝ որքան էլ վկայակոչենք սահմանադրական նորմերը, պետք է հաշվի առնենք նաեւ ստեղծված իրավիճակը։
Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ռազմական դրության ժամանակ առանց որեւէ բացատրության ազատել է ԳՇ պետին եւ տեղակալին, երեկ նախագահը ստորագրել էր տեղակալի՝ Տիրան Խաչատրյանի ազատման միջնորդությունը, իսկ ԳՇ պետի մասով դեռ որոշում չկա։ Նախագահն, իհարկե, կարող է չստորագրել այն եւ դիմել ՍԴ, այս առումով գնդակը նրա դաշտում է։
Սակայն մինչ այս ընթացակարգերը, իշխանությունը ժողովրդին հավաքել է հանրապետության հրապարակում, ընդդիմությունն էլ՝ մի փողոց վերեւ է հավաքվել, հետեւաբար՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել այս երկու հավաքների արդյունքում։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա համակիրները սա կարող են անվանել ժողովրդի իշխանության պաշտպանություն, բայց սա բախումների եւ քաղաքացիական պատերազմի ուղղակի, անմիջական հրահրում է։
Ինչ իմաստ ունի այս շիկացած իրավիճակում համակիրներին հավաքել հրապարակում, երբ հարեւանությամբ գոռում են «Նիկոլ, դավաճան»։ Եթե բան ունի ասելու Փաշինյանը, դա կարող է անել իր էջում, լրատվամիջոցներով, թե վարչապետը ուզում է ապացուցել, որ ավելի շատ մարդ կարող է հավաքել հրապարակում։ Գուցե եւ նրան այսօր հաջողվի հավաքել ավելի շատ մարդ, քան ընդդիմությանն է հաջողվել այս օրերին, բայց քանակը երբեք եւ երբեք որակ չէ։ Փաշինյանին դո՞ւր է գալիս իր կառավարման արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, այսպիսի պաշտոնավարո՞ւմ էր նա պատկերացնում։
Հավատո՞ւմ է վարչապետը, որ դեռ ժողովրդի իշխանության կրողն է, վայելո՞ւմ է մեծամասնության վստահությունը, ապա թող հրաժարական տա, արտահերթ ընտրություններ նշանակի եւ փորձի քաղաքական ճանապարհով ցույց տալ իր «կշիռը»։
Իսկ այսօրվա քայլերը խոսում են միայն քաղաքական տհասության, արկածախնդրության, եսասիրության մասին։ Բոլոր իշխանություններն էլ մի օր հեռանում են, վաղ թե ուշ պետք է հաշտվել այդ մտքի հետ, սակայն խնդիրն այն է, թե ինչպիսի ժառանգություն են թողնում իշխանությունները եւ ինչպես են նրանք հեռանում։ Պաշտոնավարման ամեն օրը ավելի է վատացնում թե Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի, թե երկրի վիճակը։
Հրաժարականը եւ արտահերթ ընտրությունը այս պարագայում փրկության միակ ճանապարհն է իբրեւ իշխանությունը։

