Ռազմական դրության պայմաններում Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատել պարզապես չի կարելի։ Իրավական առումով նման բան անել կարելի է, բայց սովորաբար նման բան չի արվում։ Դա ճիշտ չէ, ընդ որում՝ այս դեպքում ոչ միայն ԳՇ պետն է, այլ ամբողջ Գլխավոր շտաբը, դա նշանակում է գլխատել Բանակը ռազմական դրության պայմաններում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրուցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Հարցին՝ արդյոք ԳՇ պետին և նրա տեղակալին ազատելու իրական պատճառը պատերազմում կրած պարտության վերաբերյալ գեներալներին ուղղված հարցերն են ՝ նա պատասխանեց, որ դա մանիպուլիացիա է։ «Եթե հարցեր ուներ գեներալներին, թող շուտ տար, ոչ թե դանակը հասցներ ոսկորին, ամբողջ պետությունը ծնկաչոք աներ՝ նոր սկսեր նման մանիպուլիացիաներ անել։ Սա մանիպուլիացիաներ անելու հերթական մոլուցքն է»։
Դիտարկմանը, թե արդյոք Հանրապետության Հրապարակում իր համախոհներին հավաքելը բախումներ հրահրելու փորձ չէ՝ նա պատասխանեց, որ դա ամենավտանգավոր զբաղմունքն է, որով հիմա նրանք փորձում են զբաղվել։ «Նա պատրաստ է ժողովրդին միմյանց դեմ հանել հանուն իր իշխանության խղճուկ գոյության»։

