«Մենք այսօր տեսնում ենք, որ Թուրքիան և Ռուսաստանը, տարբեր պատճառներով իհարկե, հայտնվել են արևմուտքի դեմ դիմակայության մեջ և որոշակի մեկուսացման մեջ են: Գրեթե նույն վիճակն էր գրեթե հարյուր տարի առաջ, որն էլ հանգեցրեց այս երկու պետությունների մերձեցմանը: Եվ սա մեզ համար վտանգավոր է, որովհետև պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ տեղի է ունենում ռուս-թուրքական մերձեցում,դա Հայաստանի և հայերի հաշվին է»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է Արա Պապյանը:
Քաղաքագետը նշում է, որ ռուս-թուրքական դիմակայություն և համագործակցություն կա բացի Հարավային Կովկասից նաև երկու-երեք տարածշրջաններում, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում և ինչ-որ տեղ էլ Ղրիմում:
«Ես կարծում եմ, ցավոք սրտի, շատ հնարավոր է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ավելի և ավելի շատ բան զիջի Թուրքիային, մասնավորապես Արցախը, Հայաստանի որոշակի շահեր՝ դիմացը ստանալով ավելի համեստ նկրտումներ Թուրքիայի կողմից Ղրիմի նկատմամբ: Պատահական չի, որ Թուրքիան Ղրիմի նկատմամբ հռչակում է իր իրավունքները, իր պատմական իրավունքները, ակտիվացնում է այդտեղ թաթարական համայնքը՝ ես կարծում եմ՝ սակարկության համար հող է պատրաստում: Եվ սա մեզ համար լավ չի: Լավ չի այն առումով, որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը և նրա գործակալական ցանցը Հայաստանում անընդհատ այն միֆն է տարածում, որ հայերը ունեն ընդամենը երկու ընտրություն՝ այդ երկընտրանքը ռուսների և թուրքերի միջև է, հետևաբար, ով ռուսներին չի ուզում, ուրեմն թուրքերին է ուզում: Սխալ մոտեցում է, քանի որ այդպես չէ»,-շեշտում է քաղաքագետը:
Պապյանի խոսքով հայկական կողմը վարում է գավառական քաղաքականություն, որը հիմնված է պարզ քաղաքական քծնանքի վրա: Վերջինս վստահ է, որ ռուս-թուրքական մերձեցումն ավելի է խորանալու, դրա մասին Լավրովն արդեն հայտարարել է, երբ ասել է, որ Եվրամիության հետ պատրաստ են հարաբերություններ սառեցնել: «Դուք պատկերացնում եք չէ՞՝ Հայաստանի վիճակն ինչ կլինի: Ոչ միայն Արցախի,այլ բուն Հայաստանի վիճակն ինչքան է ծանրանալու, որովհետև մենք ԵԱՏՄ երկիր ենք, այսինքն ստացվելու է, որ մենք սահման չունենք ԵԱՏՄ–ի հետ,հարաբերությունները սառեցվելուն զուգահեռ ստացվելու է, որ մենք զրկվելու ենք և եվրոպական, և ռուսական շուկաներից: Մեզ հանձնելու են Թուրքիային՝ ջանասիրաբար հիմա այդ մերձեցման քարոզն է գնում, բայց միայն մի կողմի ցանկությունը քիչ է»,- նշում է Պապյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

