Եթե մեր նորմալ կենսագործունեության բոլոր ոլորտներում սահմանափակումները վերացել են, այդ դեպքում ի՞նչ համար է պետք է հանրակրթության կամ մանկապարտեզների պարագայում այդ սահմանափակումները պահպանել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն՝ անդրադառնալով պետական մանկապարտեզներում ընդունելության բացակայությանը, այն պարագայում, երբ մասնավոր մանկապարտեզները շարունակում են սովորական կենսագործունեությունը։
«Մենք ևս մի անգամ փորձում ենք հարվածել մեր կրթական համակարգին, այսինքն, մեր նոր սերդի դաստիարակությանը, ուղղակի անթույլատրելի է նման մոտեցումը։ Եթե դուք կենսագործունեության մնացած ոլորտներում՝ աշխատանք, տրանսպորտ, հավաքներ, սահմանափակումները վերացնում եք, ապա առաջին հերթին պետք էր կրթության ոլորտի մասին մտածել և սահմանափակումները վերացնել։ Նույնը վերաբերում է նաև մանկապարտեզներին, հատկապես, որ մասնավորները վաղուց գործում են նույն կերպ, ինչպես նախկինում էր։ Հետևաբար, պետականները և համայնքային մանկապարտեզները նույնպես պետք է լիարժեք գործեն»։

