Կարծում եմ՝ այսօր տոնական միջոցառումներ չանելը տրամաբանական է ու հասկանալի, լավ է, որ այդքանը հասկացել են։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ ընդգծելով, որ բավական շատ կորուստներ կան, նաև սպայակազմի, զինվորականները բավական շատ մարտական ընկերներ են կորցրել։
Անդրադառնալով բանակի ներկա վիճակին, նա նշեց, որ ներկա վիճակը չի կարելի գնահատել «լավ», «մարտունակ» բառերով։ «Ընդ որում՝ հիմնական խնդիրը ոչ թե տեխնիկական հարցերն են, այլ առաջին հերթին այն, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը վախեցած, սարսափած վիճակում է Ադրբեջանից և փորձում են բոլորին համոզել, որ ադրբեջանցիները ինչ-որ անպարտելի հզոր ուժ են, որ Հայաստանը չի կարող Ադրբեջանին որևէ հարցում «չէ» ասել և այլն։ Այսինքն, եթե համեմատենք նույն մինչպատերազմական ժամանակահատվածի պոռոտախոս, լոպազ հայտարարություններին՝ թե Փաշինյանի, թե մյուս բարձաստիճան պաշտոնյաների, հիմա լրիվ հակառակն է։ Մինչդեռ, այդ երկուսն էլ ծայրահեղություն էին ու եթե նորմալ իշխանություն ունենայինք, առաջին խնդիրը՝ պատերազմից հետո պետք է լիներ բանակի վերականգնումը, որովհետև տարածաշրջանում իրավիճակը լարված է, որովհետև այս իրավիճակում զինադադարի հայտարարությունն, ըստ էության, շատ անկայուն վիճակ ստեղծեց, ուժերի բալանսը լրիվ խախտված է և սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ ռազմական գործողությունների վերսկսման։
Ըստ էության, Ալիևը շանտաժով է զբաղված և անընդհատ ինչ-որ նոր զիջումներ է քերում։ Ընդ որում՝ այնպիսի զիջումներ են, որոնք Հայաստանի՝ որպես պետություն ապագան են հարցականի տակ դնում։ Այս վիճակում տրամաբանական կլիներ ամբողջ ներուժը ուղղել բանակի վերականգնման, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, ցավոք, ես նման գործընթացներ չեմ տեսնում իշխանությունների կողմից։ Հակառակը, այնպիսի տպավորություն է, որ փորձ է արվում մեր բանակը վերածել ոստիկակական ուժի, այսինքն, ոչ թե մարտունակ բանակի, այլ ոստիկակական գործողություններ կատարող ինչ-որ զորամիավորման»։
Անդրադառնալով տեխնիկական վերազինմանը՝ նա նշեց, որ նման փորձեր չի տեսնում։ «Գուցե ինչ-որ բաներ արվում են գաղտնի, եթե կա նման բան, իհարկե, լավ է, բայց, ցավոք, ես հոռետես եմ, հաշվի առնելով ներկա իշխանությունների նախկինում արված քայլերը»։

