Երկրում իշխանությունների գործունեությունը գնահատելիս պատմությունը առաջնորդվելու է կոնկրետ չափորոշիչներով, վիճակագրությամբ, տվյալներով։ Այսինքն՝ մեր բոլորի հույզերը, ապրումները, կասկածները, բամբասանքները որեւէ կերպ արտացոլում չեն գտնելու իրական պատմության մեջ, քանի որ այդ ամենի կողքին կան ավելի հզոր փաստարկներ՝ տվյալներ, վիճակագրություն։ Դրանց մեջ, անշուշտ, իրենց տեղը ունեն նաեւ տոները՝ ինչ տոներ է պարգեւել մեզ իշխանությունը, ինչ բերկրանքի եւ տխրության օրեր ենք ունեցել ամեն կառավարության ժամանակ։
Այսօր Հայաստանի զինված ուժերի կամ բանակի օրն է, տոնը սահմանվել է 2001 թվականի հունվարի 6-ին։ Տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են տարբեր աստիճանի մեդալներով և խորհրդանշական իրերով։
Ամեն տարի այս օրը երեկոյան տոնի շրջանակներում Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի համար կազմակերպվում է համերգ։
Այս տարի տոնական միջոցառումներ չեն լինելու, պատճառը 44 օր տեւած պատերազմը եւ դրա հետեւանքներն են՝ կորցրած տարածքներ, հազարավոր զոհեր եւ վիրավորներ, երբ դեռ ամբողջական ցուցակ չի հրապարակվել, տասնյակ եւ հարյուրավոր անհետ կորածներ եւ գերիներ։
Բանակի օրն երբեք այսքան տխուր չի եղել, թեեւ այս տարի ոչ մի տոն չկա, բոլոր օրերը միանման են իրենց հուսահատությամբ եւ հիասթափությամբ։
Հաջորդ տոնը, որը հերթական անգամ մեզ պետք է հիշեցնի մեր բաց վերքի, ոչ մի ձեւ չսփոփվող վշտի մասին, մայիսյան եռատոնն է՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Կա՞ այս տոնը, թե ոչ, նշելո՞ւ ենք, հիշելո՞ւ ենք, թե ոչ, եթե չկա, իսկ ով եւ ինչպես խլեց այն մեզնից, սրանք հարցեր են, որոնց շուրջ յուրաքանչյուրը կարող է մտորել։
Չունենք բանակի օր, չունենք եռատոն, կարեւորը՝ այս իշխանությունը մեզ նոր տոներ է պարգեւում, նախօրեին Կառավարությունը որոշեց նոր տոն ավելացնել մեր տոնացույցում՝ ապրիլի 19-ը՝ հարկ վճարողի օրը, օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով ձեւավորվել են հարկային համակարգը եւ վերջինիս սկզբունքները, հարկային մարմին եւ հարկ վճարող հարաբերությունները։ Իսկապես, այս փուլում հենց այս տոնն էր մեզ պակասում մեր անթիվ, անհամար խնդիրներ լուծելու եւ մեզ դույզն-ինչ լավ զգալու համար։
Մեկ այլ տոն, որը մեզ պարգեւել է իշխանությունը՝ Քաղաքացու օրն է, այն սահմանվել է 2019թ եւ նշում են ապրիլի վերջին կիրակի օրը՝ ի նշան 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ։ Այդ օրը նշանավորվեց առանձին համայնքներում եւ տարածքներով խորոված փարթի կազմակերելով։
Հաջորդ իշխանությունը, հուսով ենք, կհասցնի զբաղվել նաեւ մեր «Տոների եւ հիշատակի մասին» օրենքի աղճատումներով, անհրաժեշտ խմբագրումներ կատարել։ Քանիսն են այսօր ցանկանում նշել Քաղաքացու օրը եւ կենացներ խմել հանուն թավշյա հեղափոխության, թերեւս խմել պետք է՝ մոռանալու 2018-ին արածը եւ ջնջելու այն պատմությունից, կյանքից եւ տոներից։
Ժողովուրդը «կերտեց» հեղափոխություն, ստացավ հարկ վճարողի օրը, կորցրեց բանակի օրը եւ մայիսյան եռատոն, ահա այսպես հակասական դրամատիզմով եւ բեկումներով լի է մեր կյանքը, կարող եք գտնել եւ նշել ձեր սրտի տոնը։

