Այսօր հունվարի 28-ն՝ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը։ Օրն ամենեւին էլ տոնական չէ՝ ի տարբերություն մեր բանակի մոտ 30-ամյա պատմությանը։ Ոչ քաղաքներում կգտնեք տոնական ձեւավորումներ, ոչ հեռուստաէկրաններից կպատմեմ մեզ մեր հաղթական բանակի մասին, ոչ էլ որեւէ մասսայական միջոցառում կլինի, որտեղ հերթով կխոսեն, կմեծարեն մեր բանակի հերոսներին։
Բանակի տոնը խլեցին մեզնից, եւ խնդիրը ամենեւին եւ միայն պատերազմը չէր։ Ավելին՝ այնպես չէ, որ պատերազմի վտանգը չկար, կամ դա անակնկալ էր, անգամ կարելի է ընդունել եւ համակերպվել, որ ինչպես հաղթանակներն են մարդկանց եւ տարատեսակ կառույցների, ինստիտուտների համար, այնպես էլ պարտությունները։ Բայց պարտություն էլ կա, պարտություն է, կա հաղթանակած պարտություն է, եւ դա այն է, երբ քո ռեսուրսներով, թվով սահմանափակ բանակը հերոսաբար դիմակայում է եւ հնարավորինս նվազագույն տարածքային եւ մարդկային կորուստներով ավարտում պատերազմը։ Իսկ եթե պատերազմը ավարտվեր մի քանի օրվա ընթացքում, վստահաբար՝ այսօր մենք կխոսեինք հենց այդ հաղթանակած պարտության մասին, կնշեինք բանակի օրը, կմեծարեինք բոլոր հերոսներին, մեր երկրորդ հայրենիքը՝ ավելի անվտանգ եւ մեծ կլիներ։
Ինչեւէ, պատերազմ ավարտվեց 44-րդ օրը, այստեղ ոչինչ չենք կարող փոխել, իսկ կորցրածը վերադարձնել, բոլոր ջանքերն ուղղել բանակի վերականգմանը՝ պարտավոր ենք։ Պարտավոր ենք, եթե ուզում ենք հայրենիք ունենալ եւ ապրել մեր հայրենիքում, հերթական անգամ մենք սերտեցին մեր պատմության առաջին դասը՝ մեր անվտանգության միակ երաշխավորը բանակն է։
Այո, բանակը նաեւ մեր պետականության ամենակայացած, ուժեղ ինստիտուտներից է՝ շնորհիվ նախկին նախարարների, հրամանատարների, հերոս զինվորների, նվիրյալ աշխատակիցների։ Այսօր էլ այդ մարդիկ կան եւ հնարավոր է մեր ազգային միասնականության շնորհիվ հասնել մեր բանակ ռեինկարնացիային։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ երկրում, այսուհետ չպետք է թույլ տալ, որ քաղաքական իշխանությունը ոտնձգություններ կատարի բանակի նկատմամբ, իր հայտարարություններով եւ գործողություններով կասկածի տակ դնի բանակի հեղինակությունը, անցած ճանապարհը, մասնատի, աղճատի զինված ուժերը, ներքաղաքական լարումները եւ խժդժությունները, քաղաքական շահերը տեղափոխի ռազմական դաշտ։ Մեր բանակը դեռ կվերածնվի, դեռ ասելիք եւ անելիք ունի, դեռ պատմություն կկերտի, դեռ հաղթանակներ կտոնենք։
Շնորհավոր տոնդ, հայոց բանակ, քեզ անգամ թուրքը չի կարող ծնկի բերել։

