ԿԲ-ն օրերս պարտավորեցրել էր «Ֆինկա» վարկային կազմակերպությանը՝ ժամկետից շուտ վարկը մարելու դեպքում վերահաշվարկել իր ծախսերը և վերադարձնել հատուցման գումարի համար վճարված հավելյալ գումարները։ ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ տարիների ընթացքում կազմակերպությունը հաշվարկել են 360 օրով, ինչը սխալ է, օրինակ, ենթադրենք «Ֆինկան» 100 հազար դրամ վարկ էր տվել, վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում ծախսերը հաշվարկելու համար 100 հազարը բաժանել են 360-ի վրա և ավելի մեծ թիվ է ստացվել, քան, եթե 365-ի վրա բաժանեին։ Հիմա «Ֆինկան» այդ տարբերությունը պետք է փոխհատուցի։
«Սա առանձնապես չնչին գումար է։ Փոխարենը մեր բանկային և ֆինանսական ոլորտը շատ ավելի լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Տարիներ շարունակ այս ոլորտը գտնվել է շատ շահեկան վիճակում, և օրենսդրությունը, և ԿԲ-ի քայլերը ուղղված են եղել այս համակարգի շահերի սպասարկմանը, նրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը և այլն։ Սրա արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ բանկերը, վարկային կազմակերպությունները տարիներ շարունակ տարբեր ծառայությունների անվան տակ քաղաքացիներից լրացուցիչ գումարներ են գանձում։ Ստացվում է՝ քաղաքացին տարվա կտրվածքով մինչև 187 տոկոս գումար է վճարում իր վերցրած վարկի համար։ Սա անարդար երևույթ է, որի արդյունքում մեր հասարակությունն ավելի է աղքատանում։ Այսինքն, մարդը վարկ է վերցնում, որ իր խնդիրները լուծի, բայց ավելի խորն է այդ խնդիրների մեջ մտնում։ Բնականաբար, պետք է վերանայվի այս իրավիճակը , պետք է հստակեցվեն ծառայությունների գումարը և չափերը։ Կարծում եմ՝ ԿԲ-ն պետք է իր դրամավարկային քաղաքականությունն ամբողջությամբ վերանայի։ Մասնավորապես, միջնորդավճարների հետ կապված գումարներ սահմանել՝ կապված գումարի չափի, տվյալ անձի եկամտաբերության հետ։ Այսինքն, բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնել՝ անձի համար տոկոսադրույք սահմանելիս, որպեսզի անձը, որ 100 հազար դրամ վարկ է վերցնում, բայց փակում է 300 հազար դրամ՝ սա կարծում եմ արդար չէ, խնդրահարույց է ու խորացնում է աղքատության մակարդակը երկրում»։

