Ի դեպ. Վազգեն Մանուկյանի աղմկահարույց հայտարարության մասին (տեսանյութ)
Ի դեպԻ դեպ, արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ իշխանությունը փորձում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ խորհրդարանի ինքնալուծարման ճանապարհով, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի։ Այդ նպատակով, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շրջանառվում է սահմանադրական փոփոխության մի նախագիծ, որով մեխանիզմ կստեղծվի խորհրդարանին ինքնալուծարման համար։ Մինչ իշխանությունը քննարկում է այս նախագիծը, արտախորհրդարանական ընդդիմությունը, պայմանականորեն ասած 17-ի ֆորմատը, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ շարունակում է պայքարել վարչապետի հրաժարականին հասնելու համար։Եւ չնայած հրապարակում «կրիտիկական զանգվածի» ակնհայտ բացակայությանը, Վազգեն Մանուկյանը չի բացառում ապստամբության տարբերակը։ Արարատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ հիմա սահմանադրական ճանապարհով են գնում, բայց եթե այդ ճանապարհը արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել։ Եւ որ ապստաբմություն անելը ժողովրդի իրավունքն է։ Ապստամբություն ասելով Վազգեն Մանուկյանը նկատի ունի «շենքեր գրավելը եւ զոռով իշխանություն փոխելը՝ առանց ֆիզիկական բռնության»։ Այս հայտարարությունը բնականաբար չէր նկարող վրիպել իշխանության աչք ու ականջից։ Ալեն Սիմոնյանն ասաց. «Թող փորձի»։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Վազգեն Մանուկյանի հայտարարության մեկ այլ դրվագ եւս ուշադրության արժանացավ։Նա մասնավորապես հայտարարել է, թե, մեջբերում եմ՝ «Ես պատերազմի ժամանակ հեռախոսով կապվում էի Արցախի գեներալների հետ, ասում էի՝ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը, մի թողեք, որ Արայիկ Հարությունյանը սրա հրամանները կատարի: Ցավք սրտի, դա չեղավ»։Սովորաբար քաղաքական լարված իրավիճակներում քաղաքական գործիչների հայտարարությունները առանձնահատուկ ուսումնասիրման կարիք ունեն։ Բանն այն է, որ քաղաքական հարթակից հնչող խոսքը երբեմն- երբեմն, կամ նույնիսկ հաճախ, կարող է, ասենք այսպես, հատել քաղաքականի սահմանագիծն ու տեղափոխվել իրավական հարթություն՝ վիրավորանքից, զրպարտանքից մինչեւ օրենքի խախտման կոչ։Հետո արժանանում, կամ չի արժանանում իրավապահների ուշադրությանը, իսկ արժանանալու դեպքում քաղաքական գործիչը հարկադրված է լինում պարզաբանել, որ դա քաղաքական հայտարարություն է եւ ոչ ավելին։ Սա՝ ընդհանուր առմամբ։ Կոնկրետ այս դեպքում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել է, որ իրենց մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները արձանագրվել են, եւ հիմա դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում։ Դրանց հետագա ընթացքի, արդյունքների մասին կհայտարարվի լրացուցիչ։