«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը երեկ տեղեկացրեց, որ խմբակցության նիստի ժամանակ քննարկվել է նաև ԱԺ ինքնալուծարման մասին նախագիծը ու դա իրագործելու հնարավոր եղանակները։ Նախագծի հեղինակն է «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ ArmDaily.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ այդ քայլին դիմելու պատճառները իմքայլականները կիմանան։
«Այն բոլոր խոսակցությունները, որոնք գնում են ինքնալուծարման բոլոր գործընթացների հետ կապված՝ իրենք ակնհայտ ցույց են տալիս, որ Փաշինյանը փորձում է ապահովել իր իշխանության վերարտադրման համար որոշակի պայմաններ։ Հիմա ինչի համար են ինքնալուծարվելու փաթեթը բերում՝ ըստ էության կարելի է շատ ենթադրություններ անել։ Դուրս գալով կոռեկտությունից՝ զերծ կմնամ առայժմ ինչ-որ կարծիք հայտնել, բայց միանշանակ այնտեղ արշալույսները խաղաղ չեն, եթե դիմում են այդ կարգի քայլերի»,-ասում է ԲՀԿ պատգամավորը։
Պատգամավորը նշում է, որ հերթական անգամ ականատես ենք լինում անհասկանալի օրակարգերի ու դրանով փորձում են անտեսել հիմնական օրակարգը.«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ դա է ամենակարևորը։ Դրանք օրակարգեր են, որոնք այս կամ այլ կերպ փորձում են կամ երկարաձգել կամ ռեինկարնացիայի պահմաններ ապահովել իշխանության համար»,-կարծում է Արման Աբովյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխող խմբակցությունը մանդատները վայր դնելու մեխանիզմով ԱԺ լուծարմանը չի գնում, քանի որ հստակ մեխանիզմ չկա.«Հստակ մեխանիզմ չկա գրած՝ երևի դրա համար։ Մեխանիզմը միայն վարչապետի հրաժարականն է՝ երկու անգամ չընտրվել»։ ԼՀԿ պատգամավորն ասաց՝ քանի դեռ նախագիծը հրապարակված չէ, ինքը չի կարող ասել, արդյոք դա սահմանադրական նորմերին համապատասխանում է, թե ոչ։

