Ի դեպ. « Իմ քայլը» խմբակցությունում շրջանառվող նախագծի եւ ընտրությունների մասին (տեսանյութ)
ADTVԻ դեպ, արտահերթ ընտրությունների թեման շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական օրակարգի առանցքում։ Պատերազմի ավարտից ու եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ լարվել էր ներքաղաքական իրավիճակը եւ սկսեցին հնչել վարչապետի հրաժարականի պահանջները, Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց 2021թ-ին արտահերթ ընտրությունների թեմայով խորհրդակցությունների շարք սկսելու մասին։ Խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումները որեւէ արդյունք չունեցան։ Վարչապետն առաջարկում էր հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականի դեպքում ընդդիմությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի, երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կլուծարվի։ Հիշեցնեմ, Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը չի ընտրում նոր վարչապետ: Իսկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները որպես արտահերթի գնալու առաջին քայլ, պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Ավելին, «Լուսավոր Հայաստանը» բացեիբաց հայտարարում էր, որ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին։ Նիկոլ Փաշինյանի համար այս տարբերակն այնքան էլ ընդունելի չէ։ Չնայած նա խորհրդարանում մեծամասնություն ունի, բայց հավանաբար նաեւ կասկածներ ունի, որ իր հրաժարականի պարագայում անկառավարելի գործընթացներ կսկսվեն ու ով իմանա, գուցե ընդդիմությանը հաջողվի այսպես ասած «հավաքագրել» «Իմ քայլի» որոշ պատգամավորների, ընդդիմության թեկնածուի ընտրությունը ապահովելու համար։ Եւ ուրեմն, եթե հուշագրի տարբերակը, կամ պայմանականորեն ասած «պլան ա»-ն չի աշխատում, ենթադրելի է, որ գործի կդրվի «պլան բ»-ն, այն է՝ Սահմանադրական փոփոխություն այն հաշվով, որ խորհրդարանն ունենա ինքնալուծարման հնարավորություն, առանց վարչապետի հրաժարականի։ Եւ ահա «Հայկական ժամանակի»-ի տեղեկություններով, իսկ «ՀԺ»-ի ունեցած տեղեկություններին չի կարելի չվստահել, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Տպավորություն է, որ իշխանությունը շտապում է, եւ ավելի շահագրգիռ է ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու հարցում, քան ընդդիմությունը։ Եւ սա բնական է։ Այսօր իշխանությունն ունի համախոհների ավելի մեծ բանակ, քան կարող է ունենալ ամիսներ անց։Առջեւում դժվար տարի է, սոցիալ տնտեսական լրջագույն խնդիրներով, իսկ ժամանակը աշխատում է ի վնաս իշխանության ու իր վարկանիշի։