Հայաստանում իշխանությունները ոչինչ այնքան շտապ եւ արագ չեն անում, ինչքան իրենց քաղաքական ցանկությունների եւ նկրտումների իրականացումը։ Մասնավորապես՝ իշխող քաղաքական մեծամասնությունը կարող է երկար ձգձգել զանազան կարեւոր քննիչ հանձնաժողովների ստեղծումը, չքննարկել գերիների վերադարձի հարցը, հապաղել կարեւոր որոշումներ կայացնել՝ ռազմական, դիվանագիտության ոլորտում։ Բայց եթե մի բան կապված է իրենց քաղաքական շահերի եւ ամբիցիաների հետ, անկարելին կարելի կդառնա, մեկ ժամում 8 տասնյակ թիմակիցների կգտնեն գետնի տակից եւ բերման կենթարկեն ԱԺ։
Հենց այդպիսի «հրատապությամբ» է պայմանավորված «Իմ քայլի» նախաձեռնությունը այսօր արտահերթ նիստ հրավիրելու եւ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում միանգամից 2 թեկնածու առաջադրելու։
Թեկնածուների ինքնությունը «գաղտնազերծելուց» հետո հանրության եւ լրատվամիջոցների արձագանքը, առանձին գործիչների քննադատությունները եւ մտահոգություններն անգամ չկանգնեցրին իշխանությանը։ «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով քայլականները այսօր ԲԴԽ են գործուղում «անաչառ» իրավաբան-գիտնականի համբավ ունեցող Գագիկ Ջհանգիրյանին եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատուրյանին։ Այս քայլով նրանք, իրենց սկզբունքներին հավատարիմ, նորից ու նորից «մերժում են նախկինների հետ կապեր ունեցողներին, նրանց հետ հազարումիթելերով կապվածներին, աղմկահարույց դրվագներով մամուլին հայտնի անձանց եւ խծբ-ով պաշտոններ շնորհելուն»։
Ընդդիմությունը այսօր ծանր վիճակում էր, հերթական անգամ հայտնվել էր «դեմ ըլլալով կողմ ըլլալու» սահմանագծում։ Իսկ սովորաբար նման դեպքերում մեր խորհրդարանական ընդդիմությունը գնում է հայտնի, փորձված 3-րդ ճանապարհով, ազատ է թողնում ընտրությունը՝ ըստ էության մանեւրելու տեղ թողնելով։
Սկզբից ԲՀԿ-ն հայտարարեց, թե ազատ է թողնում ընտրությունը, այնուհետեւ նշեցին, որ բոյկոտում են նիստը։ Նիստը բոյկոտեց նաեւ ԼՀԿ-ն։ Այս քայլը, միանշանակ, չընդունվեց, շատերը համարում են, որ ընդդիմությունը պետք է մնար դահլիճում, փչացներ «Իմ քայլի» կողմից առաջադրված թեկնածուների բենեֆիսը եւ դեմ քվեարկեր, անգամ եթե դա որոշիչ չէ։ Բայց չենք կարող չնշել, որ կարող էր լինել ավելի վատ սցենար՝ ընդդիմադիր պատգամավորները մասնակցեին նիստին, որեւէ հարց չտային, իսկ վերջում կողմ քվեարկեին՝ պատճառաբանելով, թե քաղաքական որոշում չկա, թեկնածուներն էլ պրոֆեսիոնալ են։ Վերջիվերջո, չպետք է մոռանանք, որ խորհրդարանական ընդդիմությունը առանձնակի մտահոգված չէր Ջհանգիրյանի անցյալով, ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու օրենսդրական հնարավորությամբ։ ԼՀԿ-ի հետ Ջհանգիրյանը հանդիպել էր, թվում էր, թե երկուստեք գոհ են հանդիպումից, օրենսդրական դաշտում էլ 65տ լրացած լինելու կապակցությամբ խնդիր չեն տեսնում։
Ինչեւէ, գնահատենք այսօր խորհրդարանական ընդդիմության «խիզախ եւ սկզբունքային փախուստը» ԱԺ դահլիճից, քանի որ կարող էր ընտրությունը լեգիտիմացվեր նաեւ նրանց քվեով։
Իսկ այսպես գոնե չխաթարվեց Գերագույն խորհուրդ հիշեցնող մեր ԱԺ-ի «անկախությունը» մի տարբերությամբ, որ ԳԽ-ն տարվա մեջ մի քանի նիստ էր անում, արագ-արագ հաստատում եւ ընդունում այն, ինչ թելադրված էր ղեկավարությունից։
Ի դեպ, հոգ չէ, «Իմ քայլը» եւս կարող է մի քանի անգամ նիստ անել, անգամ չանել, ընդունել այն, ինչ կա, միեւնույն է՝ դիմադրող չի լինի, իսկ կորոնավիրուսով վարակված նախագահը Լոնդոնից արագ կդակի ուղարկված առաջարկությունները։
Այսպես գոնե կազատվենք հերթական հիասթափությունից, խորհրդարանի ամբիոնից չենք լսի թեկնածուների ցինիկ ելույթներ եւ պատասխաններ, մեկ անգամ եւս չենք բացահայտի նրանց արժեհամակարգը եւ լեզվամտածողությունը, չենք պարզի, որ ԲԴԽ անդամի պաշտոնի հավակնորդը կարող է իր տունը համեմատել գոմի հետ, քանի որ իր կարծիքով՝ շրջակայքում գտնվող մյուս տները ավելի շքեղ են։
Ի դեպ, հասարակ մահկանացուների համար տունը օջախ է՝ սրբություն՝ անկախ արժեքից եւ շքեղությունից, սրբություն է նաեւ հայրենիքը, Արցախը, Շուշին, Սյունիքը...։
Մեկ տարի առաջ, իհարկե, վարչապետը արտասանում էր, թե «Հայաստանը իր օջախն է», «Արցախը Հայաստան է եւ վերջ», թիմակիցներն էլ օրումեջ կատակներ էին անում, թե «բա էսօր էլ հողեր չենք հանձնել, հանգիստ նստեք տեղներդ»։ Այսօր պարզվեց, որ Շուշին դժբախտ եւ դժգույն քաղաք է, մինչեւ պատերազմը 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ուներ,իսկ հողերի տեղը հանձնվեց հայրենիք...։
Այնպես որ զարմանալի չէ իշխող քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուի կեցվածքը եւ բառապաշարը, մտածողությունը եւ արժեհամակարգը, վախեցեք նրա մյուս մտքերից եւ ծրագրերից, որոնք արդեն ի պաշտոնե կապված են լինելու դատավորների եւ դատական իշխանության հետ։
Քանի որ խոսքն ուժ ունի, Ջհանգիրյանի եւ նրան առաջադրողի բառապաշարով ասած՝ ԲԴԽ նոր անդամը «թուրն առած գնում է վնգստացող դատավորներին պատերին ծեփելու» օպերացիան իրականացնելու։

