Ի դեպ. ԵՄ-ից ու ԱՄՆ-ից ստացվող ազդակների մասին
ADTVԻ դեպ, մինչ Հայաստանում քաղաքական դասը զբաղված է ԲԴԽ անդամներ ընտրելով ու հընթացս պարզելով, թե արդյոք Գագիկ Ջհանգիրյանի դղյակը իրոք դղյակ է, թե գոմի է նման հարեւան դղյակների համեմատ, բավական հետաքրքիր իրադարձություններ են կատարվում Եւրոպայում ու ԱՄՆ-ում, որոնք ուղիղ կամ անուղղակի առնչվում են մեզ ու մեր շահերին։ Մասնավորապես Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է տարեկան երկու ծավալուն զեկույցները, որոնցում առանձին անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը։Մասնավորապես ընդգծվել է, որ հակամարտության հարատեւ կարգավորումը դեռ գտնված չէ, եւ խաղաղության հասնելու, ինչպես նաեւ տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։Սրանից զատ, դատապարտվել է Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին, կարեւորվել է պատերազմական բոլոր հանցագործությունների պատշաճ ուսումնասիրությունն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը։ Ըստ ամենայնի սրանք ուղերձներ են այն մասին, որ Եվրոպական Միությունը չի ցանկանում դուրս մնալ տարածաշրջանային զարգացումներից։ Սա մեկ։
Հետաքրքիր ազդակներ են ստացվում նաեւ ԱՄՆ-ից։ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով նորընտիր նախագահ Ջո Բայդենին, ասել է, որ ԱՄՆ-ը, աշխատելով եվրոպացի գործընկերների հետ, պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության հարատեւ լուծում գտնելու համար: Եւ որ ինքը նոր թափ կհաղորդի ԱՄՆ-ի ներգրավվածությանը այնպիսի մշտական լուծում գտնելու համար, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ կօգնի երաշխավորել, որ նոր պատերազմ չի բռնկվի: Սա ներառում է ԱՄՆ ակտիվացումը Մինսկի խմբի շրջանակում եւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանք՝ երրորդ կողմերի ցանկացած նոր միջամտությունը կանխելու համար: Ավելին, նա հայտարարել է, թե Բայդենի վարչակազմը վերանայելու է ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: Ըստ այդմ, ամերիկյան նոր վարչակազմը կարող է կրկին գործածել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելք է սահմանում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համար:
Դատելով այս հայտարարություններից, պիտի ենթադրել, որ ԱՄՆ-ն վերադառնում է տարածաշրջան։ Այլ հարց է, թե Հայաստանն ինչպե՞ս է վերաբերվում տարածաշրջանի հանդեպ հետաքրքրության արդեն նշմարվող աճին, հաշվի առնելով ՌԴ արդեն մեծացած ազդեցությունը։ Հայաստանը զերծ կմնա՞ արեւմուտքի հետ ավելի սերտ համագործակցությունից, թե՞ կփորձի կխորացնել այդ համագործակցությունը, չվնասնելով հարաբերությունները ՌԴ-ի հետ։