ՀՀ կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերը, ըստ այդմ՝ ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը: Նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Հատկանշական է, որ այդ կայքում նախագծին քվեարկության մասնակցածների 88 տոկոսը դեմ է քվեարկել։ Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջարկը նոր չէ, 2017 թ-ին նման առաջարկ եղել է, սակայն 2018 թ-ին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետո այն չիրագործվեց։
«Կարծում եմ, առաջարկը տեղին է։ Հիմնավորման մեջ կետ կա, ըստ որի՝ ՀՆԱ-ի ծավալը այս փոփոխության արդյունքում կավելանա 88,6 մլրդ դրամով, սրա հետ այնքան էլ համամիտ չեմ, սակայն որպես ՀՆԱ-ի ավելացմանը նպաստող հանգամանք՝ կարծում եմ, տեղին է։ Ընդհանրապես երկարատև արձակուրդները ընդհանուր աշխատանքային մթնոլորտի համար բարենպաստ չեն։ Հետևաբար, պետք է որքան հնարավոր է կրճատել ազատ օրերի քանակը։ Օրինակ, ինձ համար շատ զարմանալի էր որ այս տարի, այս դժվար իրավիճակում պետական կառավարման համակարգը 7 օր արձակուրդում էր, այն դեպքում, երբ ունեինք բավական լուրջ խնդիրներ։ Կարծում եմ, ճիշտ նախագիծ է ու պետք է ընդունվի։ Տնտեսական գործընթացներն ու ընդհանուր աշխատանքային մթնոլորտն ավելի լավ կլինի, քան երկարատև հանգիստը, որ մեր նման երկրի համար այնքան էլ ճիշտ չէ»։
Նրա դիտարկմամբ օրինակ Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ կաթոլիկ դավանանք ունեն՝ հանգստնում են դեկտեմբերի 25-ին, երբ նշում են Սուրբ Ծնունդը և հունվարի 1-2-ին։ «Մնացած օրերը աշխատանքային են ու դա շատ նորմալ է ընդունվում երկրում, կարծում եմ մենք նույնպես պետք է անցում կատարենք այդ մոդելին»։
Դիտարկմանը, որ նախագծերի հրապարակման միասնական կայքում քվեարկողների գերակշռող մեծամասնությունը դեմ է քվեարկել նախագծին՝ նա պատասխանեց, որ երևի դա էլ բնական։ «Մարդիկ մտածում են՝ աշխատում ենք, մի քիչ էլ հանգստանանք, բայց դրա համար կան տարեկան արձակուրդային օրեր, որոնք օրենքով նախատեսված են՝ թող այդ ժամանակ էլ հանգստանան»։

