Այսօր ԲԴԽ անդամների ընտրության ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է ժամը 12.00-ին, իսկ մինչ այդ խորհրդարանական խմբակցությունները բուռն քննարկումների մեջ են։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ հարցով ժամը 11.30-ին նախատեսված է ԲՀԿ խմբակցության նիստը՝ քննարկելու այսօրվա նիստին մասնակցել-չմասնակցելու հարցերը։ Բանն այն է, որ ԲՀԿ-ականների մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել նիստին, մյուսները դեմ են։
Իրականում մի քիչ անհասկանալի է՝ եթե ընդդիմությունը հայտարարում է, որ իր օրակարգում ընդամենը մեկ հարց կա՝ վարչապետի հրաժարական, իշխանության հեռացում, ինչու է քննարկում կամ ցանկանում մասնակցել իշխանության առաջադրած թեկնածուների ընտրությանը։ Առավել եւս, երբ անգամ նորմալ պայմաններում այս թեկնածուների առաջադրումը պետք է հենց խորհրդարանական ընդդիմության կողմից բուռն արձագանքի եւ դիմադրության արժանանար։
Միթե ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն շահերի բախում չեն տեսնում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ ԲԴԽ անդամի պաշտոնին առաջադրելու մեջ, կամ միթե Գագիկ Ջհանգիրյանի անցած ճանապարհը, նրա հետ կապված աղմակահարույց գործերը, այսօր ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվելու համար օրենքի ոչ միանշանակ մեկնաբանումը չի հուզում։
Չնայած՝ խորհրդարանական պատմության մեջ, որքան էլ ցավալի է, մենք քանիցս տեսել ենք շոուներ, բոցաշունչ ելույթներ, իսկ երբ եկել է որոշում կայացնելու պահը՝ ընդդիմադիր խմբակցությունները կամ ընտրել են երրորդ ճանապարհը, կամ ասել են՝ ազատ ենք թողնում թիմին, ով ինչպես ուզում է մասնակցի, կամ էլ սուսիկ-փուսիկ դակել են իշխանության բերած նախաձեռնություններ։
Հենց այստեղ է, որ դժվար է չհամաձայնել իշխանության հետ, որ այո, մեր լրջագույն խնդիրը նաեւ ընդդիմությունն է, խորհրդարանում նստած եւ անգամ իր սահմանափակ ռեսուրսները, լծակները չօգտագործող ընդդիմությունը, ում համար քաղաքականությունը խնամի-ծանոթ-բարեկամից այն կողմ չի անցնում, իսկ սկզբունքներն եւ տեսակետները կարող են ժամանակին համընթաց փոխվել։
Նշենք, որ Ջհանգիրյանի թեկնածության առաջադրումից հետո որոշ իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ հիշեցին հայտնի «Մատաղիսի» գործը, զինդատախազ աշխատելու տարիներին զինծառայողների իրավունքների խախտման վերաբերյալ գործերը, ընտրությունները կեղծելը, նրա ունեցվածքը, հարազատների պաշտոններ զբաղեցնելը եւ այլն։
Ի դեպ, թե ԲԴԽ նախագահը, թե այլ իրավաբաններ հայտարարել են,որ Ջհանգիրյանը չի կարող առաջադրվել եւ ընտրվել, քանի որ շուտով կդառնա 66 տարեկան, իսկ ԲԴԽ գիտնական անդամների համար գործում է դատավորների համար նախատեսված սահմանափակումները։ Ջհանգիրյանը եւ նրա աջակիցները նշում են, որ ԲԴԽ գիտնական անդամների դեպքում տարիքային սահմանափակում չկա։

