Հնարավոր է, որ այսօր հստակ գերիների թիվը անհայտ լինի, կամ խիստ մոտավոր լինեն այդ թվերը, սակայն եթե մենք հստակ գիտենք, որ 62 մարդ գերի է ընկել Հադրութում, ևս 11-ը նոյեմբերի են գերի ընկել, ապա անկախ նրանից, թե նրանց ճակատագիրն ինչպիսին է հետո եղել՝ այս հայտնի թիվը առնվազն պետք է հնչեցվի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի առարկություններին Մարդու իրավունքների պաշտպանի պնդմանը, թե իշխանությունները պետք է հրապարակեն գերիների թիվը։
«Եթե հստակ տվյալներ չկան, ապա դրանք պետք է համարվեն անհայտ կորած, մինչև չստանան հաստատումը միջազգային կազմակերպություններից, ԱԱԾ-ից կամ որևէ այլ տեղից, ապա դրանք բոլորը պետք է համարվեն անհայտ կորած։ Անհայտ կորած եզրույթի մեջ մտնում են և նրանք, ովքեր գերության մեջ են, բայց նրանց մասին տվյալներ չունենք, և նրանք, ովքեր զոհվել են, բայց նրանց մարմինը չեն վերադարձվել, և նրանք, ում մասին չունենք լուր։ Ուղղակի նրանք չեն վերադարձել։ Պետությունը պարտավոր է ունենալ պատերազմ գնացածների, վերադարձածների թիվը, այդ թվում ՝ վիրավորների, պետք է ունենա անհայտ կորածների ենթադրյալ թիվը, որը պարտավոր է հայտարարել։ Պետությունը պարտավոր է ունենալ նաև նրանց ցուցակն, ովքեր գնացել են ճակատամարտ, բայց ոչ մի տեղ չեն գրանցվել։ Հիմա նրանց թիվը, ի տարբերություն առաջին Արցախյան պատերազմի՝ շատ քիչ պետք է լինի, բայց նրանց էլ պետք է սկսվեն որոնողական աշխատանքներ։ Մյուս աղբյուրը դաշտային հրամանատարներն են, որոնք վստահաբար կարող են ասել, թե քանի հոգով են գնացել, քանի հոգով են վերադարձել, չվերադարձածներից քանիսն են զոհվել, քանիսը կարող են գերեվարված լինել։ Ավելին, ոչ միայն այդ թիվը պետք է հնչեցվի, այլ ընտանիք առ ընտանիք պետք է հնարավորիս տեղեկացված լինեն, թե ինչ վիճակում են որոնողական աշխատանքները։ Ոչ թե հայտարարեն, թե կոնֆիդենցիալ բանակցություններ են վարվում կամ ես դրան գումարեմ, որ պարտավոր են որոնողական աշխատանքներ կատարեն, դա պետության պարտավորությունն է»։
Ինչ վերաբերում է Կարապետյանի պնդմանը, թե վերջնական թիվ հրապարակելը կդժվարացնի ցուցակի համալրումը և կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը՝ նա նշեց, որ վստահաբար այդ պատգամավորը որևէ փորձ, որևէ գիտելիք, որևէ աշխատանք այդ ոլորտում չի իրականացրել, հետևաբար՝ իր բոլոր հայտարարությունները բանիմաց, պրոֆեսիոնալ ՄԻՊ-ի հանդեպ առ ոչինչ են։

