Այո, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, միշտ աշխատել եմ առողջապահության ոլորտում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այո, ես մասնագիտությամբ իրավաբան եմ։ Միշտ աշխատել եմ առողջապահության ոլորտում։ Վերին 3 տարվա ընթացքում ես զբաղեցրել եմ Առողջապահության նախարարի տեղակալի, ապա առաջին տեղակալի պաշտոնը։ Կարծում եմ իրավաբանական կրթությունը, ոլորտի փորձառությունը, կստեղծեն բավարար հանգամանքներ, որպեսզի լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել։ Եվ, իհարկե, հենվելով մասնագիտական կարծիքների, մեր ոլորտի ճանաչված բժիշկ-մասնագետների վրա, առողջապահության ոլորտում ունենալ լավագույն քաղաքականությունը»,- ասաց Ավանեսյանը։
Անդրադառնալով ամուսնու և Արսեն Թորոսյանի բիզնես շահերին՝ Ավանեսյանը նշեց. «Իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը որևէ ձևով ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ և որևէ բիզնես շահ չունի Արսեն Թորոսյանի հետ։ Ես և ամուսինս չունենք փայաբաժին, մայրս, այո, ունի փոքր չափաբաժին»։
Դիտարկմանը, թե այստեղ շահերի բախում չի՞ նկատում, նախարարն ասաց՝ ինքը շահերի բախում չի տեսնում. «Առողջապահության նախարարությունը, ինչպես բոլոր գերատեսչությունները առաջնորդվում են գնումների մասին օրենքով եւ մրցույթի միջոցով մասնակցում են տարբեր ընկերություններ և լավագույն առաջադրող գինը շահում է»։
Անդրադառնալով ամուսնու՝ «Ռեմա» կրոնական կազմակերպությանը հարելու լուրերին՝ Ավանեսյանը նշեց. «Կրոնի ազատությունը սահմանադրությամբ անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ», չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է այդ աղանդին։
Մանրամասները՝ տեսանյութում.

