Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով կասկածյալներ, մեղադրյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
«Փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են, քննչական գործողությունները մեծ ծավալով կատարվում են, քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով, քանի որ այլ հոդվածով հարուցելու հիմքեր չեն եղել»,- ասաց նա։
Հարցին՝ մեկ տարի քննում եք, կասկած չկա՞, թե ով է հասցրել ինքնասպանության՝ նա պատասխանեց. «Մենք չենք պնդում, որ հասցրել են ինքնասպանության, մենք ասում ենք, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ փաստով՝ դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով էինք կարող առերևույթ որակել։ Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք»։
Նա նաև ընդգծեց, որ հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողությունների արդյունքով, այլ նաև փորձաքննությունների։
Մելիքյանը նշեց, որ գործի հանգամանքների մանրամասները չհրապարակելը պայմանավորված է հարազատների դիմելու փաստով, իսկ գործի տևողությունը քննչական գործողնությունների ծավալով և կատարման ժամկետներով։

