Այսօր կառավարության նիստի ընթացքում առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։
Ավանեսյանը նշեց, որ մարզային առողջապահական համակարգի արդիականացման, Գեղարքունիքի և Վայոց ձորի ազգաբնակչությանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների բարելավման, «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ և նպատակահարմար է համարում 7․4 մլն ԱՄՆ դոլար գումարի տրամադրման վերաբերյալ նոր Վարկային Համաձայնագրի ստորագրումը։
Նա նշեց, որ Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ շինարարական փուլում է գտնվում, իսկ Վայոց ձորի ԲԿ-ի նախագծային և նախահաշվային աշխատանքները արդեն ավարտված են, նախագիծը պատրաստ է և հաստատվելուց հետո կսկսվի նաև այս ԲԿ-ի կառուցման աշխատանքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ են նախատեսվում ավարտել աշխատանքները։ Ավանեսյանը նշեց, որ Մարտունու ԲԿ-ի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 2022թ-ի սկզբին։
Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ արձագանքեց. «Ես ժառանգությամբ 2 քոմենթ անեմ։ Քանի որ նրանք տիպային մեկ հարկանի շինություններ են, բավականին արագ է շինարարությունը ընթանում, Մարտունու դեպքում արդեն առաջին հարկի շինարարությունը ավարտվել է և մնացել է տանիքի մասը, և տիկին Ավանեսյանի նշած ժամկետները միանշանակ կպահպանվեն և հնարավոր է անգամ ավելի շուտ ավարտվեն»։
Նախագիծը կառավարության կողմից հավանության արժանացավ։

