Ես ու Վարդանն ավելի շատ լռել ենք, քան խոսել։ Իր հետ քիչ եմ զրուցել, ավելի շատ իրար նայում՝ հասկանում էինք։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց երգահան Դավիթ Ամալյանն՝ ում որդին՝ Վարդանը զոհվել էր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում։
«Վարդանի կենդանության օրոք իր հետ այդքան շատ չեմ զրուցել, քան հիմա, անգամ իր հոգեհանգստի լուսաբացին, երբ ինձ վատ էի զգում՝ իր ձայնը եկավ ու սկսեց ինձ հանգստացնել։ Սկսեց հետս խոսել։ Չեմ ցնդել, երազում չէի, արթուն էի։ նա հավաքեց ինձ, ասաց հանգիստ եղի։ Ես իր ձայնը լսել եմ։ Ասաց՝ պապ, ինձ խփողը խփնվեց, բայց ստեղ ընկերներ ենք, կարգին տղա է, ասաց՝ իրեն բնորոշ հեգնական ժպիտով, անգամ ասի՝ Վարդան, ինչ շանս կա, որ հետ կգաս, ասաց որ դու ու մաման ուզենաք՝ կգամ։ Մենք շատ էինք իրար հասկանում ու գրեթե միշտ խոսքերի կարիք չէր լինում։ Ես մի քիչ լաչառ եմ, օրինակ, մեքենա վարելու վրա կարող էի գոռգոռալ, բայց ինքը միշտ զուսպ էր»։
Նա հիշեց, որ Վարդանի ծնվելուց գրել է երգ՝
«Քեզ մանչուկս կոչեմ Վարդան,
Պատվին հերոսի,
Քող քեզ համար դառնա պատգամն արդար
Կանչն Ավարայրի։
Այն ժամանակ մեկ օրական էր Վարդանը, ինձ հարցնում էին ինչի էիր գրում, չգիտեմ, երևի, որ 19 տարեկանում Ավարայրի կանչով գնար»։
Նա տեղեկացրեց, որ 15 տարեկանում Վարդանի գրած գիրքը վերատպվել է, հատկանշական է, որ գրքում գրել է 19 կյանք ապրելու մասին։ «Դա օրերս ենք հայտնաբերել։ Պատմվածքը կարդում էինք, հուզվում էինք, բայց դա չէինք նկատել։ Ընկերս ասաց՝ Դավ դու էս թվերին նայե՞լ ես, մինչ այդ ուշադրություն չէինք դարձրել, չենք նկատել։ Այդ գիրքը 13-14 տարեկանում էր գրել։ Հետո էլ երկար ժամանակ չէր գրում»։
Նա նշեց, որ հունվարի 18-ին նշել են որդու 20-ամյակը։ «Չէի ուզում չանել։ Հասկացա, որ չեմ կարող չանել, որովհետև ուզում եմ անել։ Ընկերներով հավաքվել էին ու չգիտեինք, ինչ պիտի անեինք։ Տղաներից մեկն ասաց՝ Վարդանը կանի՝ դու մարդկանց հավաքի։ Ընկերս չէր սխալվել, Վարդանն ունեցավ ընկերներ, որ արցունքոտ աչքերով յախուշտա պարեցին, ես երգեցի, ընկերներս երգեցին»։
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ մենք պարտվեցինք 1994 թ-ի հաղթանակից հետո՝ Ամալյանը պատասխանեց. «Մենք ընկերություն չարեցինք հաղթանակի հետ, մենք անկեղծ չեղանք հաղթանակի հետ և հաջորդ պարտությունը ավելի ծանր կլինի, եթե այս պարտության հետ էլ նույն կերպ վարվենք»։
Մանրամասները՝ տեսանյութում.

