Ի դեպ. Պետական կառավարման համակարգում ռեսթարթի մասին
Ի դեպԻ դեպ. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից խոսել է պետական կառավարման համակարգում ռեսթարթի անհրաժեշտության մասին:Հիշեցնեմ, այս մասին նա խոսել էր նաեւ նախօրեին, երբ վարչապետի աշխատակազմին էր ներկայացնում աշխատակազմի նորանշանակ ղեկավարին։ Վարչապետն ընդհանուր առմամբ արձանգրել էր, որ պատական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի եւ որ այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։Ընդհանրապես, պետական կառավարման համակարգի ու եւ այդ համակարգում աշխատող պաշտոնյաների հետ վարչապետի խնդիրներն ու դժգոհությունները նոր չեն։
Դրանց մասին Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել հեղափոխությունից հետո, սկսած 2019թ-ից։Դեռ այն ժամանակ նա ասում էր, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, իսկ Ինչ հաջողություն և ձեռքբերում որ ունենք, ամբողջը՝ 100 տոկոս, ի հեճուկս պետական կառավարման համակարգի է։ Իսկ որ ասում ենք ռազմավարության, հայեցակարգ եւ այլն եւ այլն, եկեք լուրջ դեմքով ձեւ չանենք, թե մենք այսօր պետական կառավարման համակարգում ունենք պոտենցիալ՝ այդ ռազմավարությունները մշակելու։«Մեկ- մեկ նախարարություններից թղթեր են գալիս, որ կարդում ես, ասում ես էս ո՞ր դասարանի երեխա է գրել»։ Նման արձանագրումներ անելով, Նիկոլ Փաշինյանն հայտարարում էր, թե այդ դիմադրությունը ջարդելու է։ Ուրիշ տարբերակ չկա, քանի որ ժողովուրդն անձամբ իրեն ու իր թիմին է ձայն տվել, որ երկրում փոփոխություն տեղի ունենա։ Թե ինչ փոփոխություններ տեղի ունեցան ու ինչ փոփոխություններ են տեղի ունենում, բոլորիս աչքի առջեւ է։
Կառավարության կառուցվածքում փոփոխություններ օպտիմալացման անվան տակ, կառավարության կազմում՝ կադրային փոխատեղումներ։ Արդյոք նախարարությունների վերակազմակերպումը կամ նախարարներին խորհրդական ու աշխատակազմի ղեկավար նշանակելը ռեսթարթ ենթադրող փոփոխություններ են։ Իհարկե, այդ ռեսթարթի ուշացման համար օբյեկտիվ պատճառներ էլ կային՝ կարելի է ասել ախտորոշումից հետո մինչեւ եկավ վիրահատական միջամտության պահը, վրա հասավ համաճարակը, դրան էլ հաջորդեց պատերազմը։Ցավոք, համաճարակն ու պատերազմը ջրի երես հանեցին ու ավելի պարզորոշ ի ցույց դրեցին մեր պետական կառավարման համակարգի բոլոր բացերն ու եթե կուզեք՝ անկարողությունը։ Հիմա նորից հայտարարվում է պետական կառավարման համակարգի ռեսթարթի մասին։ Կկարողանա՞, կամ կհասցնի՞ այս իշխանությունը իրականացնել այդ ռեսթարթը, թե՞ առայժմ կբավարարվի իրավիճակային լուծումներով, իսկ ռեսթարթի մասին հնարավոր կլինի մտածել առաջիկա, հավանական, արտահերթ ընտրություններից հետո։ Սպասենք, տեսնենք։