Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը։
Ողջ տարվա ընթացքում, 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ:
Ցանկը կրկին գլխավում է «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերությունը, որը ողջ տարվա ընթացքում վճարել է 50 մլրդ 671 մլն դրամի հարկ, 2019 թ-ին ընկերությունը կրկին գլխավորում էր ցանկը, սակայն անցած տարի վճարել էր 57 մլրդ 49 մլն դրամի հարկ։
Ցանկի երկրորդ հորիզոնականում «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն է՝ վճարած 45 մլրդ 548 մլն դրամով,2019 թ-ին ընկերությունը երրորդ հորիզոնականում էր 43 մլրդ 644 մլն դրամով։
Երրորդ խոշոր հարկատուն «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ն է՝ 41 մլրդ 689 մլն դրամի հարկերով, ընկերությունը 2019 թ-ի համեմատ բավական նվազեցրել է հարկային մուտքերը, երբ վճարել էր 51 մլրդ 360 մլն դրամի հարկ։
Չորրորդ տեղում «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-ն՝ 23 մլրդ 19 մլն դրամով, 2019 թ-ին այս ընկերությունը 9-րդն էր՝ 13 մլրդ 665 մլն դրամով։
Խոշոր հարկատուների առաջին հինգյակը եզրափակում է «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ընկերությունը, որը 18 մլրդ 794 մլն դրամի հարկ է վճարել, 2019 թ-ին այս ընկերությունը 4-րդ-ն էր՝ վճարած 19 մլրդ 223 մլն դրամով։
Վճարած 17 մլրդ 997 մլն դրամի հարկերով վեցերորդ տեղում է «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը, որը 2019 թ-ին 7-րդն էր՝ 14 մլրդ 53 մլն դրամի հարկերով։
«ՖԼԵՇ»-ը 7-րդն է՝ վճարած 16 մլրդ 81մլն դրամի մուտքերով, նախորդ տարի ընկերությունը 6-րդն էր 15 մլրդ 990 մլն դրամով։
Արդեն երկու տարի անընդմեևջ «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը պահպանում է 1000 խոշոր հարկատուների 8-րդ հորիզոնականը, թեև 2020 -ին ավելացրել է հարկային մուտքները և վճարել 15 մլրդ 223 մլն դրամ, իսկ 2019-ին վճարել է 13 մլրդ 700 մլն դրամի հարկ։
«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»-ն 9-րդ հորիզոնականում է 14 մլրդ 706 մլն դրամով, անցած տարի ընկերությունը 5-րդ-ն էր՝ 16 մլրդ 441 մլն դրամով։
Խոշոր հարկատուների առաջին տասնյակը 2020 թ-ին եզրափակել է «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ը վճարած 13 մլրդ 14 մլն դրամի հարկերով, որը 2019-ին 14-րդն էր՝ 9 մլրդ 888 մլն դրամով,։
2019-ին առաջին 10-յակը եզրափակում էր «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 12 մլրդ 238 մլն դրամի հարկերով։

