Երեկվանից ամբողջ հանրապետության տարածքում առատ տեղումներ են, երթևեկությունը կաթվածահար է եղել։ Քաղաքացիները բողոքում են, որ ճանապարհները չեն մաքրվում, ավազ չի օգտագործվում։ Երևանում երեկվանից բազմաթիվ վթարներ են եղել, մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ, ովքեր էլ ռիսկ են անում դուրս գալու, չգիտեն, թե ինչ ճակատագրի են արժանանալու։ Երեկվանից խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Տարոն Գևորգյանն ArmDaily.am-ին տեղեկացրեց, որ «ԵԱՍՄ» 51 հատուկ տեխնիկան` աղցան եւ ձնամաքրիչ տեխնիկան, տրակտոր, բեռնաթափ, և շուրջ 300 աշխատակից ողջ գիշեր ներգրավված են եղել ձնամաքրման աշխատանքներում:
ArmDaily.am -ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց. «Երեկ ժամը 09։00-իվ մինչև այսօր ժամը 9-ը ՃՈ ՕԿԿ ստացվել է 207 ահազանգ վթարի վերաբերյալ, որից 9 եղել է մարմնական վնասվածքներով։ Իսկ պատճառների վերաբերյալ տեղեկությունը կունենանք քննությունների ավարտից հետո»։
Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեցինք, թե եղել են դեպքեր, երբ ճանապարհների և տեղացող ձյան պատճառով Շտապօգնությունը խնդիրներ է ունեցել և ժամանակին չի հասել հիվանդին։
«Ոչ, չի եղել նման դեպք։ Ձյան հետ կապված չի եղել»,-նշեց նա։
Իսկ հարցին, թե ձյան հետևանքով տեղի ունեցած վթարների հետևանքով քանի մարդ է տեղափոխվել հիվանդանոց, Ստեփանյանը նշեց, որ մոտ 10-12 հոգի, որոնք ծանր վնասվածքներ չեն ունեցել։

