Այսօր ARM24.net կայքը տեղեկություն էր տարածել, որ հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել: Գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանած դագաղից և դրած գերեզմանի կողքին:
ArmDaily.am-ը տեղեկությունը ճշտեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ լուրն իրականությանը չի համապատասխանում»:
Հարցին՝ իսկ ովքեր են տարածել կեղծ լուրը, ինչ նպատակով և արդյոք պատրաստվո՞ւմ են պատասխանատվության ենթարկել, Մկրտչյանն ասաց. «Այս պահին պատրաստ չեմ այդ հարցերին պատասխանելու, բայց ինքս ունեմ ենթադրություն, որ սա անցել է մի այնպիսի մարդու գլխով, որը հոգեկան առումով առողջ չէ և այս դիտարկման հետ մեկտեղ ինչ-որ պատասխանատվության ենթարկելու հարցեր չեն կարող քննարկվել: Իհարկե ինչ-որ ուսումնասիրություններ կարվեն, բայց լուրջ քննություն կամ հետաքրքրություն չեն առաջացնում այսպիսի լուրերը: Փորձն ունենք, նախկինում եղել են անձինք, ովքեր հերոսի անունն օգտագործելով որպես փաստաբան են ներկայացել և ռումբերի մասին լուրեր տարածել: Սա հերթական այդպիսի ոչ առողջ մարդկանց կողմից արված մի բան է»:

