Նոր իշխանությունները ինչքան շատ են խոսում ճիշտ կադրային քաղաքականության մասին, նույնքան շատ սխալներ են անում։
Չպատճառաբանված, չհիմնավորված որոշումները հաջորդում են միմյանց, հանրության համար այդպես էլ անհասկանալի է՝ ինչու է այս կամ այն պաշտոնյան ազատվում կամ նշանակվում ինչ-որ պաշտոնի։
Օրինակ՝ ինչու Արման Սարգսյանը ազատվեց ոստիկանապետի պաշտոնից՝ մասնակցե՞լ էր ԳՇ պետի որդու հարսանիքին, թե՞ թերացել էր կորոնավիրուսի հսկողությունը իրականացնելիս, գուցե կա այլ պատճառ...։ Ով իմանա, եթե այդպես էլ նշանակող-ազատողը կամ նրա քաղաքական թիմը չի մեկնաբանում այս փոփոխությունը։ Ազատումից 6 ամիս անց Արման Սարգսյանը նշանակվում է Պաշտպանության փոխնախարար։ Հիմա եթե Սարգսյանը լավ պաշտոնյա էր, ինչու հանեցին, եթե խնդիրներ կային, մտավախություն չկա՞, որ նույնը կլինի նաեւ նոր պաշտոնին։
Հանրության համար անհասկանալի նշանակումներով իշխանությունը շարունակում է զարմացնել եւ զայրացնել։ 2,5 տարվա ընթացքում ամենաքննադատված պաշտոնյան, որի հեռանալու մասին մամուլում օրումեջ գրվում էր, վերջապես ազատվեց պաշտոնից։ Սակայն Թորոսյանը ոչ թե հեռացավ պետական համակարգից՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած, սկանդալներով աչքի ընկած նախարար, այլ տեղափոխվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։ Թե ինչու ազատվեց Աղաջանյանը՝ էլի անհայտ մնաց, լավ է աշխատել նա, թե վատ՝ չգիտենք, բայց մենք բոլորս վճարել ենք նրա 2,5 տարվա պաշտոնավարման համար եւ չգիտենք՝ մեր բոլորի աշխատողը, ծառան արդարացրել է մեր հույսերը, թե ոչ։ Ուստի՝ եթե մենք չգիտենք՝ Աղաջանյանին ինչու են հանել, ինչպես է աշխատել, չենք կարող իմանալ նաեւ՝ առաջիկայում նրան աշխատանք կտան, թե ոչ։
Թորոսյանի աշխատանքից, փաստորեն, վարչապետը գոհ է, եթե տեղափոխել է այլ աշխատանքի։ Նույն ձեւ Փաշինյանը գոհ էր նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքից,քանի որ նրան տեղափոխել է խորհրդական։ Ասվածի վկայությունն է նաեւ այն, որ ամենասկանդալային երկու պաշտոնյաների հեռանալու դեպքում փոխարինողներ են նշանակվել նրանց «մտերիմները», ովքեր, բնականաբար, որեւէ հեղափոխական փոփոխություն չեն անելու ոլորտում, շարունակելու են նախկինների կամ իրենց հենարանների քաղաքականությունը։
Երեկվանից շատերին զարմացրեց Թորոսյանի տեղում ԱՆախարարի պաշտոնում իրավաբան տեղակալի նշանակումը, ինչպես կկարողանա նա ղեկավարել առողջապահական ոլորտը այն էլ համավարկի պայմաններում, ինչու են հենց նրան նշանակել այդ պաշտոնին։ Փաստորեն՝ իշխանության համար էական չէ մասնագիտական կրթությունը, փորձը, պրոֆեսիոնալ որակները, անգամ էական չեն հնարավոր կոռուպցիոն սխեմաները եւ շահերի բախումները։ Միթե նախքան նշանակումը ուժային կառույցները իրենց եզրակացությունը չեն ներկայացրել, ինչու է անտեսվել նախարարի ամուսնու՝ ԱՆ-ի հետ ունեցած բիզնես հարաբերությունները։
Միթե կարելի է Սահմանադրությամբ երաշխավորված մարդու կյանքի եւ առողջության պահպանման թիվ մեկ պատասխանատուի պաշտոնում նշանակել իրավաբանի։
Դեռ մի հատ էլ կան մարդիկ, ովքեր բավարարված են, թե վերջապես կին նախարար ունեցանք։ Ինչ էական է՝ կին է, թե տղամարդ, կարեւորը պրոֆեսիոնալ որակներն են, փորձը, գիտելիքները, մասնագիտությունը, տեսլականը, թե չէ ավելի քաղաքակիրթ եւ զարգացած երեւալու համար կարելի է բոլոր պաշտոններին նշանակել կանանց՝ առանց հաշվի առնելով որակները։ Եթե մենք ընդունում ենք, որ բոլոր ոլորտներում պետական կառավարումը տապալված է, ապա, այո, ամենեւին կարեւոր չէ՝ իրավաբանը կղեկավարի առողջության ոլորտը, թե էլեկտրիկը։
Թերեւս այս ամենը տեղավորվում է վարչապետի այսօրվա հայտարարության շրջանակներում, թե պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։ Այսպես է պատկերացնում Փաշինյանը կառավարման համակարգի ռեսթարթը՝ որեւէ հաջողություն չգրանցած յուրայիններին տեղափոխելով, պրոֆեսիոնալ որակներով աչքի չընկնող մյուս յուրայիններին պաշտոններ տալով։ Կարեւորը՝ հավատարիմներով շրջապատված եւ փոփոխությունների իմիտացիա ստեղծելով երկար պաշտոնավարումն է, պետական համակարգը, ստանձնած պատասխանատվությունը եւ երկրին օգտակար լինելը կսպասեն։

