Ի դեպ, այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավիթ) ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկով ներգրավվել է որպես մեղադրյալ։ «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առևտրային ընկերությունների, այդ թվում Դավիթ Գալստյանին պատկանող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ծառայողների հետ նախնական համաձայնության գալով ՀՀ պետական բյուջեից ապրանքներ ձեռք բերելու համար իրեն տրամադրված, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով որոշում է կայացվել Դավիթ Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Մեջբերում. «Ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները և դիրքը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ»։
Մինչ այս գործի մանրամասները հայտնի կդառնան, կամ չեն դառնա, առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե Դավիթ Գալստյանի հատկապես որ շրջանի գործունեությանն է առնչվում քրեական գործը։
Հիշեցնեմ, Դավիթ Գալստյանի անունը հանրային լայն շրջանակներին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տեսաուղերձներից մեկում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանին սպասվում է մեծ սկանդալ, եւ որ փաստեր կան, որոնք վկայում են, որ Նիկոլ Փաշինյանն իր նոր ընկեր Դավիթ Գալստյանի հետ ներգրավված է զենքի միջազգային առևտրի մեջ։ Ներկայացվում էր մի սխեմա, որով Նիկոլ Փաշինյանն իբրեւ թե ՊՆ-ի միջոցով լիազորում է Դավիթ Գալստյանին որ նա ՀՀ-ի անունից զենք պատվիրի։
Այնուհետև ՀՀ-ն գնում է Դավիթ Գալստյանի օֆշորից այդ զենքի մի մասը, դրա համար վճարում է, և այդ զենքը գալիս է Հայաստան։ Բայց այդ զենքի մնացած մասը Դավիթ Գալստյանը Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր։ Մյուս կողմից սակայն հրապարակումներ եղան այն մասին, որ նույն Դավիթ Գալստյանը եղել է Սերժ Սարգսյանի մտերիմը եւ որ Գալստյանի անցած ճանապարհն ու հարստանալու ուղին սկսվել է հենց Սերժ Սարգսյանի օրոք։
Հիմա հարց է, թե հատկապես որ շրջանի գործունեության ու որ գործարքների մասին է քրեական գործը։Հասկանալի է, որ նման գործարքները չեն կարող իրականացվել առանց ՊՆ-ի ու ԳՇ-ի ամենաբարձր պաշտոնյաների եւ երկրի ղեկավարի իմացության ու գործուն մասնակցության։Ինչպես ասում են՝ «այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»։

