Պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում թե Արման Սարգսյանի, թե Սուրեն Սահակյանի նշանակումներին շատ բացասական եմ վերաբերվում՝ մի կողմ թողնելով անձանց, որովհետև կյանքում նրանք լավ մարդիկ են։ Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ զինված ուժերը շատ ավելի բարդ կառույց է, քան կարելի է ոտքի վրա մարդ նշանակել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
«Նախորդ փոխնախարարների մասին էլ այնպես չէ, որ շատ մեծ կարծիք եմ ունեցել, բայց կրկնում եմ՝ Արման Սարգսյանին հարգում եմ, Սուրեն Սահակյանին չեմ ճանաչում, ասում են՝ մի կարգին անձնավորություն է, բայց չգիտեմ՝ որքանով իրեն կարդարացնի։ Բանն այն է, որ մեր այսօրվա պաշտպանության նախարարը մենեջեր չէ, այլ պրոֆեսիոնալ զինվորական է։ Հատկապես այն պարագայում, երբ նախարարը ոչ քաղաքական գործիչ է, ոչ կապեր հաստատող է, ապա ես կարծում եմ, որ այս դեպքում ՊՆ փոխնախարարներ պետք է լինեն ռազմական մենեջերներ՝ գնացող- եկող, կապեր հաստատող մարդիկ»։
Նրա դիտարկմամբ՝ նախկինում էլ կար նախարարի 4 տեղակալի հաստիք, սակայն միայն 2-ն էին աշխատում՝ Մակար Ղամբարյանը՝ ֆինանսական գծով, Տիգրան Բալայանը՝ իրավական։ «Տեսանք՝ ինչ եղավ։ Ընդ որում՝ միայն 2015 թ-ի Սահմանադրությամբ է Գլխավոր շտաբ ու Գլխավոր շտաբի պետ կառույցների անուններ հնչեցվում, մինչ այդ՝ պաշտպանության նախարարը և իր տեղակալները զինվորականներ էին։ Սակայն 2015 թ-ի տարանջատումը ժամանակակից Եվրոպական մոդելի ներդրման փորձ էր, ըստ որի Գլխավոր շտաբը ղեկավարում է բանակը, իսկ պաշտպանության նախարարությունը՝ ապահովում է բանակի բնականոն աշխատանքը։ Կոպիտ ասած՝ ինքը բանակի մենեջերն է ու հաշվապահը։ Հիմա մենք ինչո՞ւ ենք բերում պաշտպանության փոխնախարարների, որոնք ոչ զինվորականներ են, ոչ էլ ռազմական մենեջերներ։ Կարծում եմ շատերն են զարմանում, թե ինչո՞ւ են Իտալիայի կամ Նորվեգիայի պաշտպանության նախարարները կանայք։ Պատճառն հենց այն է, որ իրենք բանակի մենեջերներն են և պետք է ապահովեն Գլխավոր շտաբի աշխատանքը, հիմա բերել են ոչ ռազմական մենեջեր, ոչ էլ բերել են մարդ, ով այդ կապերն ունի աշխարհում, որ կարող է գնալ՝ զենք գնել, բերել, ոչ էլ բերել են պրոֆեսիոնալ զինվորական, սրա լոգիկան, որ հասկանամ, կարող է կարողանամ հանգիստ շնչել»։
Նա նաև նշեց, որ տեղակալների ևս 2 թափուր հաստիքներ կան, թե ինչու չեն համալրում՝ սա էլ հարց է։ «Բայց երբ մեկին նշանակում ես՝ պիտի ասես, թե ինչու նշանակեցիր։ Առհասարակ, մեր կադրային քաղաքականությունն անընկալելի է։ Թեև իմ քաղաքական հայացքները բոլորին հայտնի է, բայց այսօր վարչապետն ասում է՝ Թորոսյան Արսենը մեր ամենահաջողված կադրն է, երևի մեկ էլ Դավիթ Տոնոյանն էր հաջողվածը»։

