Այսօր սյունեցիները փակել էին ճանապարհը, որպեսզի թույլ չտան ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մուտքը Սյունիք։
Սակայն Շուռնուխից վերադարձող ԲՀԿ-ական պատգամավորներին հանդիպեցին և սկսեցին նրանց մեղադրել ծախված լինելու, յուրացված փողերով բարեգործություն անելու մեջ։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը նշեց, որ անցած շաբաթ եղել էին Սյունիքում և որոշ խնդիրներ էին արձանագրել և քանի որ Շուռնուխում կոնկրետ տեղահանված ընտանիքների հետ կապված կար սոցիալական խնդիր, իրենք Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր աջակցություն էին տարել՝ այդ ընտանիքներին փոխանցելու։ «Հետդարձի ճանապարհին ճանապարհը փակ էր, ժողովուրդը հավաքված էր, և մենք իջանք, որպեսզի հասկանանք, թե ինչ էր։ Երբ իջանք, ժողովուրդը ասաց, որ սպասում են Վազգեն Մանուկյանին, քանի որ իրենց տեղեկություններով՝ ինքը գալիս է Սյունիք և իրենք ճանապարհը փակել են, քանի որ Մանուկյանը որոշ արտահայտություններ է արել և այլն»։
Հարցին՝ ըստ ձեզ՝ այս ակցիան կազմակերպվա՞ծ էր ինչ որ ուժերի կողմից, քանի որ ակցիայի մասնակիցները նաև վիրավորանքներ ու հայհոյանքներ էին հնչեցնում պատգամավորների հասցեին՝ Իսայանը պատասխանեց. «Ինձ համար մեկ բան ակնհայտ է, որ ես որոշակի առումով հասկանում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նաև իրենց էմոցիոնալ ֆոնը, քանի որ ամենուրեք ունենք անհետ կորածների, գերիների հարց, պատերազմական վիճակ, հազարավոր զոհեր, ես իրապես մեր հայրենակիցների էմոցիոնալ վիճակը շատ լավ հասկանում եմ, միևնույն ժամանակ վստահաբար կարող եմ ասել, որ իրենց շարքերում նկատվում էին կոնկրետ անձինք, որոնք հստակ փորձում էին սադրանքներ հրահրել, որը իրենց մոտ չհաջողվեց»։
Նա նշեց, որ քաղաքացիները զրույցից հետո իրենց ճանապարհը բացեցին ու թույլ տվեցին, որ անցնեն։
Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժումը հայտնել է, որ Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:
«Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ: Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։

