Երեկ վարչապետի միջնորդությամբ առողջապահության նախարար նշանակվեց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է։ Դա շատ քննարկվեց թե մասնագիտական համայնքի կողմից, թե քաղաքացիների, ովքեր տարակուսանք էին հայտնում, թե ինչպես կարող է իրավաբանը համակարգել այնպիսի պատասխանատու ոլորտ, ինչպիսին առողջապահությունն է։ ArmDaily.am-ն «Իզմիրլյան» բ/կ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում նման նշանակումը և արդյոք նա կկարողանա համակարգել ոլորտը։
«Այդ մասին հարցրեք կառավարությանը, վարչապետին, ով նշանակումն արել է․ Ուրիշ ոչինչ ասել չեմ կարող»,-նշեց նա։
Բժիշկ Արամ Սահակյանն էլ նշեց, որ անձամբ չի ճանաչում նորանշանակ նախարարին. «Իհարկե, շատ դժվարություններ լինում են, եթե մասնագիտությանը չես տիրապետում, բայց ամեն դեպքում նորանշանակ նախարարը երկարատև ժամանակ աշխատել է ոլորտում։ Հույս ունեմ, որ լավ փոփոխություններ կուզենան անել։ Ոչ դրականը կարող եմ ասել, ոչ բացասականը, բայց կուզենայի որ բժիշկ ու համակարգի ներկայացուցիչ լիներ և բժշկական հանրության կողմից ընդունված մարդ լիներ առողջապահության պատասխանատուն»։
Հարցին, թե որքանով է իրատեսական համարում, որ Ավանեսյանը կկարողանա առողջապահական ոլորտը համակարգել, Սահակյանը նշեց.«Թե որքանով կկարողանա, միայն ժամանակը ցույց կտա։ Առավել քան վստահ եմ, որ ներսից կային կերպարներ, ես դա չեմ ասում իմ մասին, քանի որ խոսակցություններ կային, որոնք կարող էին ավելի բեղմնավոր աշխատանք կատարել առողջապահության համակարգում, որը այս պահին լավագույնը չէ Հայաստանի պատմության մեջ»։
Դիտարկմանը, թե ինչու այդ դեպքում կառավարությունը մասնագետներից չընտրեց նախարարին, Սահակյանը նկատեց. «Ես ձեզ ասեմ՝ շատերը չէ, որ այս պահին կհամաձայնեին առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել։ Այս պահին դժվար է պատասխանատվություն վերցնել ու չիմանալ, թե ինչ է սպասվում ապագայում։ Կարծում եմ՝ նոր նախարարը շատ համարձակ աղջիկ է»։
«Նորք» ԻԿՀ նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցն էլ նշեց, որ դա քաղաքական հարց է և չի ուզում դրան անդրադառնալ։

