ArmDaily.am-ը շարունակում է «Ապրիր առողջ» շարքը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպես լինել առողջ, կանխել և բուժել տարբեր հիվանդություններ:
Այս շաբաթ մենք անդրադարձել ենք արյան ճնշմանը
Մինչ արյան ճշմանը անցնելը, պետք է հասկանալ, թե ինչից է առաջանում արյան ճնշումը:
Ճնշումը դա արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մեկն է: Նշենք, որ Հայաստանում ամենատարածված հինգ հիվանդություններից մեկը դա արյան շրջանառության համակարգի հետ կապված հիվանդություններն են:
Շրջանառության համակարգի հետ կապված հիմնական հիվանդությունները
Սրտանոթային հիվանդություն
Սրտանոթային հիվանդությունը (ՍԱՀ) ներառում է սրտի և արյունատար անոթների բոլոր հիվանդությունները:
ՍԱՀ մեծ մասը զարգանում է, երբ արյունատար անոթների պատին (լուսանցքի կողմից) կուտակվում են ճարպոտ նյութեր (վահանիկ կամ աթերոմա), որոնք նեղացնում են այդ անոթները: Սա կոչվում է աթերոսկլերոզ:
Երբ զարկերակի խցանման կամ պատռվելու հետևանքով ընդհատվում է գլխուղեղի մի մասի արյունամատակարարումը, զարգանում է ինսուլտ: Ինսուլտը նույնպես կյանքին սպառնացող վիճակ է և պահանջում է անհետաձգելի բուժօգնություն և հսկողություն:
Բարձր կամ ցածր արյան ճնշում
Երբ ձեր սիրտն արյունն արտամղում է դեպի ձեր զարկերակներ, արյունն այս անոթների պատի վրա ստեղծում է ճնշում: Ձեր արյան կամ զարկերակային ճնշումը որոշում է հենց այդ ճնշումը: Բազմաթիվ բժիշկներ առողջ արյան ճնշում համարում են 90/60 մմ ս.ս.-ից բարձր և 140/90 մմ ս.ս.-ից ցածր արյան ճնշումը:
Բարձր արյան ճնշումը, որը հայտնի է նաև որպես հիպերտենզիա, կարող է բարձրացնել ՍԱՀ ձեր ռիսկը: Սա շրջանառության համակարգի ամենատարածված ախտաբանական վիճակն է:
Ցածր արյան ճնշումը, որը հայտնի է նաև որպես հիպոտենզիա, որոշ մարդկանց համար հանդիսանում է լավ առողջության նշան, սակայն մյուսների մոտ կարող է առաջացնել խնդիրներ: Եթե դուք ունեք ցածր արյան ճնշման նշաններ, օրինակ՝ գլխապտույտ կամ ուշագնացություն, ապա տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:
Բարձր արյան ճնշում
Որպես կանոն, բարձր արյան ճնշման մասին խոսք գնում է այն դեպքում, երբ գրանցվում են 140/90 կամ ավելի բարձր ցուցանիշներ (արձանագրված նույն կենտրոնում առնվազն 2 անգամ):
Զարկերակային ճնշման այսպիսի բարձրացած ցուցանիշների դեպքում ասում են, որ մարդու մոտ առկա է գերճնշում կամ հիպերտենզիա:
Բարձր արյան ճնշման առկայությունը հաստատելու համար բժիշկը կարող է ձեզ նշանակել նաև արյան ճնշման 24-ժամյա չափման հետազոտություն:
Բարձր արյան ճնշմամբ մարդկանց մեծ մասը կարող է որևէ գանգատ չնշել: Ահա թե ինչու է կարևոր, որ գանգատների բացակայությունից անկախ ձեր զարկերակային ճնշումը պարբերաբար չափվի, հատկապես, եթե առկա են հիպերտենզիայի հիմնական ռիսկի գործոններից մեկը կամ, առավել ևս, մի քանիսը:
Մարդկանց մյուս մասի մոտ արյան ճնշման բարձրացումը կարող է առաջացնել որոշ գանգատներ, այդ թվում՝ գլխացավ, գլխապտույտ կամ սրտանոթային հիվանդությունների սուր նշաններ՝ կրծքավանդակի ցավեր կամ ինսուլտին բնորոշ նշաններ:
Ցածր արյան ճնշում
Բազմաթիվ բժիշկներ 90/60-ից ցածր արյան ճնշումը դիտարկում են որպես ցածր արյան ճնշում (հիպոտենզիա):
Որոշ մարդկանց համար ցածր արյան ճնշումը լավ առողջության նշան է: Այդ մարդիկ հիմնականում ունեն մկանեղ մարմնակառուցվածք և նրանց մոտ հաճախ գրանցվում է նաև դանդաղ անոթազարկ (պուլս):
Ինչպե՞ս նվազեցնել արյան ճնշումը
Առողջ ապրելակերպի ստորև թվարկված միջոցառումները կարող են օգնել, որ դուք նվազեցնեք ձեր արյան ճնշումը և կարողանաք այն պահել նորմալ ցուցանիշների միջակայքում՝
- եղեք ֆիզիկապես ակտիվ
- հետևեք առողջ սննդակարգին
- սահմանափակեք կերակրի աղի օգտագործումը
- եթե գեր եք, ապա սկսեք կարգավորել ձեր մարմնի զանգվածը
- քչացրեք ալկոհոլի օգտագործումը
- մի ծխեք:
Պահեք ձեր ճնշումը «առողջ» թվերի վրա
Առողջ ապրելակերպի հիմքը կազմող միջոցառումները կարող են ձեզ մեծապես օգնել, որ կարողանաք ձեր զարկերակային ճնշումը պահել նորմալ միջակայքում։
Ֆիզիկական ակտիվություն
Տարբեր ուղեցույցներում խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն 5 օր և յուրաքանչյուր օր առնվազն 30 րոպե լինել չափավոր ծանրաբեռնվածությամբ ֆիզիկապես ակտիվ։ Խոսքը միայն «արհեստական» և հոգնեցուցիչ ֆիզիկական վարժանքների մասին չէ։ Դուք կարող եք պարզապես զբոսնել, պարել, հեծանիվ վարել, լողալ և այլն։ Եթե մինչ օրս դուք «նստակյաց» կյանք եք վարել, ֆիզիկական ակտիվության 30 րոպե/օր ցուցանիշին պետք չէ հասնել միանգամից՝ մեկ օրվա ընթացքում։ Եթե միջին ծանրաբեռնվածությամբ 30 ֆիզիկական ակտիվության 30 րոպեն ձեզ շատ է թվում, բաժանեք այն մասերի, օրինակ՝ 3 անգամ 10-ական րոպեների։
Եթե ունեք առողջական խնդիրներ, ձեր ֆիզիկական ակտիվացման հետ կապված հարցերով զրուցեք ձեր բժշկի հետ։
Առողջ սննդակարգ
Առողջ սննդակարգն իր հերթին կարող է նվազեցնել ձեր արյան ճնշումը։ Ահա որոշ խորհուրդներ՝
- յուրաքանչյուր օր ձեր սննդակարգում ներառեք հետևյալ հինգ խմբերում ներառված սննդամթերքները՝
- տարբեր տեսակի և գույնի բանջարեղեններ և լոբազգիներ
- մրգեր
- հացահատիկային մթերքներ
- անճարպ միս և ձկնեղեն, ձու, ընկուզեղեն, ոլոռ և այլն
- ցածր յուղանյության կաթ, յոգուրտ, պանիր և դրանց այլընտրանքները
- խմեք մեծ քանակության ջուր
- սահմանափակեք հագեցած ճարպերով, լրացուցիչ կերակրի աղով և շաքարով
- սննդամթերքները և ալկոհոլի օգտագործումը։
Կրճատեք կերակրի աղի ընդունումը
Ուղեցույցներով խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել ոչ ավելի, քան 6 գրամ աղ (սա համարժեք է մոտ մեկ թեյի գդալ կերակրի աղին)։
Սննդի մեջ աղի սահմանափակման առաջին հեշտ միջոցն անալի կերակուրներ և ճաշ պատրաստելն է։ Հաջորդը ճաշելիս, մինչև սննդամթերքին «ավտոմատ» կերպով սեղանի աղ ավելացնելը, դրա համը փորձելն է։ Երբ սննդամթերքներ եք գնում, ընտրեք այնպիսի տեսակներ, որոնց 100 գրամը պարունակում է 120 մգ-ից պակաս աղ։
Ազատվեք ավելորդ քաշից
Ֆիզիկապես ակտիվ առօրյան և առողջ սննդակարգը կօգնեն ձեզ ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործում։ Գիրությունը մեծացնում է բարձր արյան ճնշման ռիսկը, ուստի շատ կարևոր է, որ ձեր մարմնի քաշը հասցնեք «առողջ» միջակայք։ Սա նշանակում է, որ դուք պետք է ֆիզիկապես ավելի ակտիվ լինեք, քան առողջ մարդիկ։ Ուստի, ձեր մարմնի զանգվածը նվազեցնելու համար ձեզ անհրաժեշտ կինի օրական ոչ թե 30, այլ 45-60 րոպեանոց միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական ակտիվ միջոցառումներ։
Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը
Նախ, դուք պետք է իմանաք ալկոհոլի «ստանդատ» չափին համապատասխանող ոգելից խմիչքների համարժեք քանակները։ Ալկոհոլի «առողջ» օգտագործումը նախատեսում է, որ՝
- առողջ չափահաս տղամարդիկ և կանայք օրվա մեջ ոչ ավելի, քան 2 «ստանդատ» չափ ալկոհոլ օգտագործելով նվազեցնում են ալկոհոլի օգտագործման հետ կապված կյանքի ընթացքում ձեռք բերվող հիվանդությունների և վնասվածքների ռիսկը
- մեկ առիթի սահմաններում ոչ ավելի քան 4 «ստանդատ» չափ ալկոհոլ օգտագործելով նվազում է այդ առիթի հետևանքով օգտագործման հետ կապված վնասվածքների ռիսկը։
Դադարեցրեք ծխելը
Ծխախոտի ծխում առկա նիկոտինը կարող է ժամանակավորապես բարձրացնել արյան ճնշումը, իսկ ծխելն ինքնին՝ ավելացնել սրտային հիվանությունների ռիսկը։ Ուստի, դադարեցնելով ծխելը դուք նվազեցնում եք այս ռիսկը, որը զարկերակային հիպերտենզիայի պայմաններում ստանում է առանձնահատուկ կարևորություն։
Բարձր արյան ճնշման դեղորայքային բուժումը
Որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում ապրելակերպի առողջացման հետ միասին խմել արյան ճնշումը նվազեցնող՝ հակահիպերտենզիվ կամ հակագերճնշումային դեղեր։ Շատ կարևոր է այն, որ այդ դեղերը նշանակվեն բժշկի կողմից, իսկ դուք այդ նշանակումներին հետևեք ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։ Անպայման ձեր բժշկից ճշտեք դեղերը խմելու ռեժիմը, իսկ եթե այլ դեղեր եք ընդունում՝ տեղեկացրեք նրան այդ մասին։
Որոշ դեպքերում հակագերճնշումայինից բացի ձեր բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր՝ ուղղված սրտանոթային ռիսկի այլ գործոնների ազդեցության մեղմացմանը (օրինակ՝ արյան խոլեսթերինի մակարդակի կարգավորում), ինչպես նաև ուղեկցող առողջական խնդիրների բարելավմանը (օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդության բուժում):

