Երեկ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին շիրակցիները չէին թողել, որպեսզի նա մտնի Գյումրի: Նրանք վանկարկել էին «Նիկոլ վարչապետ», իսկ Մանուկյանին անվանել դավաճան:
Վազգեն Մանուկյանն այնուհետև լրագրողների հետ զրուցյում ասել էր, որ նրանք «Իմ քայլի» կողմից վարձատրվողներն են եղել և նրանց անվանել էր «բոմժ»:
ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշեց, որ այդ ակցիան որևէ մեկի կողմից կազմակերպված չէր և մարդիկ ինքնաբուխ էին որոշել փակել ինքնահռչակ վարչապետի թեկնածուի ճանապարհը. «Որից հետո ինչպես գիտեք Վազգեն Մանուկյանն իրեն թույլ տվեց ճանապարհ փակողներին անվանել «բոմժեր»: Ասեմ, որ դա արժեհամակարգի հարց է, այն արժեհամակարգը, որն ունի պարոն Մանուկյանը, իհարկե իրենով է չափում, որ ամեն ինչ կարելի է անել փողով: «Իմ քայլը» բնական է, որ այդ արժեհամակարգը չի կրում, այս տարիների ընթացքում դա բազմիցս ապացուցել ենք: Ես ասեմ, որ բազմաթիվ զանգեր եմ ստացել, ովքեր այդ ակցիային մասնակցել են և շատ ավելի կտրուկ ու կոշտ տրամադրվածություն ունեն հիմա և ասում են, որ այս անգամ եթե հասավ կազմակերպված հավաքին, ապա մյուս անգամ թույլ չեն տա»:
Դիտարկմանը, թե քաղաքացիների մի որոշ զանգվածն էլ նշում է, որ մարդկանց պիտակավորելը, վիրավորական արտահայտություններ նրանց հասցեին հնչեցնելը հենց իշխանություններից է եկել, երբ օրինակ դատավորներին անվանում էին վնգստացող և այլն, Սարուխանյանը նշեց. «Դատավորները, ովքեր վնգստացող են, իրենց ճիշտ գնահատական է տրվել: Մենք բոլորս հասկանում ենք, որ վնգստացել են և դրա համար էլ ասվել է: Բայց «Իմ քայլի» կողմից երբեք քաղաքացիների նկատմամբ վիրավորական արտահայտություն չի հնչեցվել: Ընդդիմադիրներն են, որ հենց նույն Վազգեն Մանուկյանը դարձյալ քաղաքացիներին անասուն է անվանում, մյուսը` ժեխ է անվանել»:
«Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն էլ ավելացրեց, որ արհեստականորեն հրահրված ակցիա էր. «Քոչարյան Անդրանիկի և Զաքարյան Աշոտի անունն են տալիս: Ճիշտն ասած, մի քիչ կասկածում եմ, որ իրենք կկարողանային մի 20 հոգու կազմակերպել, բայց Քոչարյան Անդրանիկը դրա փորձն ունի, 94 թվականին արել է Գյումրիում նման բան: Գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ քաղաքի համար ոչինչ չարած, պատահական պատգամավոր դարձած մարդիկ իբր քաղաքի պատիվն են պահում»:
Դիտարկմանը, թե իր համար ընդունելի է, ճիշտ է համարում Վազգեն Մանուկյանի արտահայտությունը, Թումասյանը նշեց. «Իհարկե ընդունելի չէր, բայց հաղթանակած երկրի առաջին վարչապետին դավաճան անվանել և պահանջել նրանից գերիների վերադարձ, դա նույնպես անընդունելի է: Պարզ է, որ դրդող ուժ կա: Ամեն դեպքում, առանձին խոսակցությունների ժամանակ ավելի կոպիտ բառերով են արտահայտվում»:

