Արցախյան երկրորդ պատերազմից հետո ձևավորված նոր իրավիճակով պայմանավորված և բանակի օրվան ընդառաջ՝ հասարակության շրջանում բանակի օրը նշել կամ չնշելու դիսկուրսն է հասունանում:
ArmDaily.am-ը մի շարք գործիչներից հետաքրքրվեց, այնուամենայնիվ, նշել բանակի օրը, թե ոչ:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան: «Իհարկե պետք է նշել բանակի օրը: Մենք ունեցել ենք բանակ և ունենք բանակ և կունենանք: Այլ խնդիր է, որ երկրի քաղաքական իշխանությունները տարիներ շարունակ այդ բանակը օգտագործել են ոչ թե բուն նպատակով, այլ իրենց սեփական PR-ի համար: Ես ի նկատի ունեմ և այս իշխանություններին և սրանից առաջ իշխանություններին: 90-ական թվականներին մենք ստեղծել ենք բանակ, ստեղծել ենք զրոյից, ստեղծել ենք արյունով, քրտինքով, ստեղծել ենք ներդնելով դրա մեջ և երազանք, և ցանկություններ, և առասպելներ: Ամեն ինչ արել ենք, որ դա լինի և ստեղծել ենք այդ բանակը: Հետագայում մսխվել է դա, բայց դա չի նշանակում, որ այդ բանակը չկա՝ այդ բանակը կա, կունենանք մենք դա՝ այդպես եմ կարծում»:
Իրավապաշտպանը հավելում է, որ բանակը պարտված է, քաղաքական իշխանությունը, երկիրը պարտվել է, բայց բանակը կազմաքանդված չի կարող համարել. «Ցանկացած պետություն, եթե այն կա, եթե այն չի լուծարվել ու եթե կա աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ապա պետք է ունենա իր բանակը»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան. «Գիտեք, բանակն ամեն երկրի խորհրդանիշն է: Ես չգիտեմ՝ պետք է նշել, թե ոչ: Ինձ համար շատ կարևոր է, որ բոլոր հարցերը լուծված լինեին՝ գերիների, անհայտ կորածների, գոնե առաջընթաց լիներ այդ հարցերում: Շատ կարևոր է անև այն հարցը,թե ինչպես նշել: Պետք է փառաբանել մեր հերոսներին, եթե բանակի օր ենք նշում, ապա այդ օրը պետք է նվիրված լինի զոհերին, գերիներին և անհայտ կորածներին: Եվ պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերել նրանց ընտանիքներին: Ինձ համար բանակը նշելու օրը արդարացված կլիներ այդպիսի վերաբերմունքով, ուշադրությամբ և սիրով այդ ընտանիքների և այդ հերոսների նկատմամբ»:
Անահիտ Բախշյան: «Պետք է նշել այնպես, որ զոհվածների, անհետ կորածների, գերիների հարազատներին ու մտերիմներին ոչ մի կերպ չնեղացնել, չվիրավորել: Բայց մյուս կողմից հատ-հատ կամ խումբ-խումբ հիշել բոլորին, հիշատակել բոլորին և ընդամենը գլուխ խոնարհել ու ասել՝ փառք քեզ, զինվոր, փառք քեզ հայոց բանակ: Պարտությունը բանակինը չի, պարտությունն ուրիշ տեղ է: Բանակին միշտ պետք է մեծարել: Զինվորին միշտ պետք է մեծարել, ինքը արժանի է դրան, ինքը վաստակել է այդ մեծարանքը: Պետք է նշել ուղղակի խելացի և այնպես,որ որևէ մեկը չվրիպի ուշադրությունից և որևէ մեկին չնեղացնենք»:
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյան: «Այո, պետք է նշել, բայց ինչպես ես հաճախակի ասում եմ օրինակ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա մասին, դա ոչ թե պետք է կենացներ ասել,այլ հստակ հաշվետվություն պահանջել, և այն բոլոր հարցերը, այդ թվում, եթե ոչ առաջին հերթին ցավագին, պետք է այդ օրը կարողանալ բարձրացնել և հոդաբաշխ պատասխան ստանալ: Սա մեկ: Երկրորդը՝ հստակեցնենք բոլոր դեպքերում՝ այս իրավիճակը, որում հայտնվել ենք, դրա պատասխանատուն արդյո՞ք դա անձնուրաց, պատերազմող, կռվին մասնակցող բանակի զինվորներն են ու սպաները, թե քաղաքական և բանակի ղեկավարության որոշ անդամների խնդիր կա: Պետք է հարցը դնել՝ ե՞րբ է սկսվելու հստակ այդ բոլոր հարցերի՝ լինի դա դատական, թե վարչական կարգով, խնդիրները, հարցերը բարձրացնել, որպեսզի կարողանանք ստանալ պատասխանները»:
Նախկին ՄԻՊ-ը կարծում է, որ բանակի օրը այդ հարցերը բարձրաձայնելն ու դրանց պատասխանները ստանալու համար շատ լավ առիթ է:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան: «Առաջին՝ այսօրվա իշխանություններն այլևս իրավունք չունեն նշելու բանակի օրը՝ այս խայտառակ պարտությունից հետո: Իր բոլոր թերություններով հանդերձ հայկական բանակը հայտնի էր որպես հաղթող բանակ և այս պարտության համար պատասխանատու են այս իշխանությունները՝ նրանք իրավունք չունեն այդ բանակի օրը նշելու: Եվ եթե մինչև ամսի 27-ը այս իշխանությունները դեռևս շարունակեն իշխել, ապա ես խորհուրդ կտամ ընդհանրապես այդ օրը լուռ մնալ, չխոսել և չայցելել Եռաբլուր, որևէ զոհվածի շիրիմի, որովհետև նրանք իրավունք չունեն: Նրանց այցելությունը և բանակի նշելը կլինի սրբապղծություն մեր պետականության և բանակի հանդեպ: Եթե հնարավոր իշխանափոխություն լինի, ես կրկին խորհուրդ կտամ նոր իշխանություններին, եթե դա հնարավոր լինի, նույնպես զուսպ լինել և հատուկ չնշել բանակի օրը: Ալ շատ սառը ուղերձ հղել բանակին՝ վերականգնելու նրա երբեմնի ուժն ու համբավը»:
Իշխանյանը հավելում է, որ անկախ այն բանից, թե այս իշխանությունները կլինեն, թե այլ իշխանություն, եթե բանակի օրը նախորդ տարիների պես շքեղ նշեն այդ օրը՝ դա կդառնա ծիծաղի առարկա բոլորի համար, ամբողջ աշխարհի համար և հատկապես մեր թշնամու համար:
Նյութը պատրաստեց Հայկա Ալոյանը

