Մենք որոշակի վերլուծություններ ու գնահատականներ ենք կատարել, թե կորոնավիրուսի հետևանքով քանի ընկերություն կամ կազմակերպություններ է մտադիր դադարեցնելու գործունեությունը։ Եթե նման մտադրությունների մասին սպասարկման և ծառայությունների ոլորտում ապրիլ–մայիս ամիսներին խոսում էր 7-8 տոկոսը, ապա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այդ թիվը գրեթե կրկնապատկվել էր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Ես խոսում եմ, ցանկությունների մասին, դեռ չեմ կարող ասել՝ դրանք դադարեցրել են իրենց գործունեությունը, թե ոչ, բայց անշուշտ, տուրիզմի ու սպասարկման ոլորտում այս թվերը շատ ավելի բարձր է, փակված կամ գործունեությունը սառեցրած ընկերությունների թիվը, որոնք շարունակում են ներկայացնել հարկային հաշվետվություններ, իմ նախնական տվյալներով՝ առնվազն 30 տոկոս է»։
Անդրադառնալով շինարարությունը՝ նա ընդգծեց, որ այս ոլորտը մուլտիպլիկատիվ էֆեկտով խթանում է նաև շինարարական տարատեսակ նյութերի արտադրությանն ու ներմուծմանը, իսկ այս քլաստերը շատ մեծ է ու բազմազան՝ զբաղվածության առումով։
«Շինարարության ոլորտը նույնպես որոշակի խնդիրներ ունի՝ չնայած բավական մեծ պահանջարկին, պատերազմից հետո՝ ճանապարհների շինարարություն, բնակարանաշինություն և այլն։ Խնդիրը նաև այն է, որ գնաճի պատճառով շինարարական նյութերի գները բարձրացել են, ինչի հետևանքով նաև շինարարությունն է թանկացել։ Բայց պետք է ասել, որ պահանջարկ կա, ուղղակի գործընթացը կառավարելու ու ոլորտին ուշադրություն դարձնելու խնդիր կա պետական համապատասխան մարմինների կողմից։ Այդուհանդերձ, թեև դիտարկում չկա, սակայն որ այս ոլորտում էլ որոշ ընկերություններ կարող են փակվել։ Այդ թվում՝ խոշոր ներմուծող ընկերությունների ու վաճառքով զբաղվողներն են վկայում, որ վաճառքը բավական մեծ անկում է արձանագրել։ Մինչդեռ շինարարական կազմակերպությունները բավական թանկ տեխնիկա են օգտագործում, որոնց խմանքը ու պահպանումը բավական մեծ գումարներ են արժենում։ Մեր միությանն անդամ կազմակերպությունները ահազանգում են, որ անելիք չկա՝ ոչ գործ կա, ոչ էլ առևտուր, այսինքն, մի մասը դեռ դիմանում է, սակայն այդ դիմանալն էլ շատ հարաբերական է, գուցե այսօր դեռ դիմանում են բայց մեկ-երկու օր անց այլևս գնան գործունեության դադարեցման»։
Նա ընդգծեց, որ առհասարակ՝ նվազել են ադյունաբերական բոլոր տեսակների արտադրությունը, թերևս միայն սննդամթերքի ոլորտն է, որ քիչ հարվածներ է կրել իր վրա։ «Նվազել է համակարգչային տեխնիկայի պահանջարկը, կենցաղային սարքերինը, արժեքավոր իրերի պահանջարկը, կաhույքի պատվերներն են զգալի նվազել, հագուստի։ Այսինքն, այն ամենը ինչ շռայլության հետ կապված ծախսեր է պահանջում՝ մարդիկ չեն կատարում, որովհետև նաև ապագայի հանդեպ դեռ ունեն խնդիրներ, մարդիկ փորձում են գումարներ տնտեսել, քանի որ չգիտեն՝ վաղվա օրն ավելի լա՞վն է լինելու, թե հակառակը, մնալո՞ւ են Հայաստանում, թե ոչ։ Կարևոր է, որ կառավարությունը մարդկանց մոտ հավատը վերականգնի, պետական մարմինները հենց պետք է ներշնչեն այդ լավատեսությունն ապագայի նկատմամբ։ Մարդիկ պլանավորում են իրենց կյանքը, եթե այդ պլանավորումը չկա կամ խարխլված է, ապագա շատ էականորեն ազդում է տնտեսության վրա, պետական մարմինները պետք է նոր գործիքներ կիրառեն, որոնք ուղղված կլինեն ոչ թե այդ գործիքները ոչ թե բառերով ասելուն, այլ գործնականում ապացուցելուն։ Այսինքն, մարդիկ պետք է կառավարությունը ունակ է նախ պաշտպանական համակարգում որոշումներ կայացնելու, ոչ թե շարունակաբար կախված լինել 3-րդ պետությունների կամքից։ Հաջորդն այն է, որ տևական ժամանակ՝ հեղափոխությունից հետո, պետությունը որդեգրել էր մոտեցում, ըստ որի ստվերը նվազում է՝ կոռուպցիան նվազում է, հետևաբար տնտեսությունը ավտոմատ կզարգանա, մինչդեռ, դա անընդհատ չի կարող խթան լինել տնտեսության զարգացման միտումներին, այսինքն, հարկավոր են նոր գործիքներ՝ տնտեսության զարգացման համար, որոնք պետք է լինեն խիստ էքսկլյուզիվ»։

